Thursday, November 25, 2010

Ո՞րն է Ղարաբաղի խնդրի լուծման հավանական տարբերակը. հարցում

Tert.am.25-11-2010-Հոկտեմբերի 22–24–ը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը 1650 մարդկանց շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու հասարակության վերաբերմունքը ՀՀ արտաքին քաղաքականության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադիբեկյանը ներկայացրեց այդ հարցման արդյունքները։
Ըստ այդմ, հարցվածների 23,3 տոկոսը ԼՂ հակամարտության լուծման հավանական տարբերակ է համարում խնդրի լուծումը՝ առանց տարածքների վերադարձի։ Հարցվածների 15 տոկոսը հավանական է համարում խնդրի լուծումը՝ Արցախը Հայաստանին միացնելով, 11,6 տոկոսը՝ Ղարաբաղի անկախացում՝ տարածքները վերադարձնելու դիմաց, 1,3 տոկոսը՝ հավանական է համարում խնդրի լուծումը «Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարություն» տարբերակով։ Հարցվածների գերակշիռ մասը՝ 32,7 տոկոսը, առավել հավանական է համարում ստատուս քվոյի պահպանումը։
Ըստ Ադրբեկյանի՝ հարցվածների 6,9 տոկոսը հայ–թուրքական մերձեցման գործընթացը միանշանակ դրական է գնահատել, 24 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 30,5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, իսկ 24,8 տոկոսը՝ միանշանակ բացասական։
Հայ–ռուսական ռազմաբազաների գործողության ժամկետի երկարացման մասին պայմանագիրը դրական է գնահատել հարցվածների 90,6 տոկոսը, իսկ 5,4 տոկոսն այդ պայմանագիրը բացասական է գնահատել։ Մնացած 4 տոկոսի մասին Ադիբեկյանը լռեց։

No comments: