Friday, November 26, 2010

ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գ Մաս

ԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՉ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ահարոնյանը հուշերի 529-րդ էջում գրում է. «Թեմական խորհուրդը իր գործունեության առաջին օրվանից (խոսքը իր գլխավորած թեմական խորհրդի մասին է) հայկական մարզա-մշակութային միությունների նկատմամբ եղել է զգոն եւ սթափ...» եւ այնօրյա կարեւորագույն միություններ համարել է «Արարատ» մարզական կազմակերպությունը, «Սիփան» միությունը, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրը, «Էրեբունին», «Սանահինը», «Հրազդանը» եւ «ԻԱՄՄ»-ն»: Թվարկած այս 7 միություններից միայն երկուսի վարչություններն էին դաշնակցականամետՙ «Սիփան» եւ «Արարատ» միություններինը, որոնց նկատմամբ եւ թեմական խորհուրդները եղել են զգոն եւ սթափ, որի շնորհիվ էլ գոյատեւում են նրանք:
Իսկ «Րաֆֆի» մարզամշակութային համալիրը, շնորհիվ իր վարչական կազմերի ու միութենականների, առանց թեմական խորհուրդների օգնության եւ նրանց կամքին հակառակՙ դեռ գոյատեւում ու բարգավաճում է: Հեղափոխության օրերին այն բաղկացած էր միայն մի հողատարածքից: Որեւէ ձեռնարկ ներկայացնելու համար մոնտաժում էին մի շարժողական բեմ եւ այն շրջապատում «Օթո Ալեքս»-ի տրամադրած հանրակառքերով: Բայց այժմ այն արդիական մարզամշակութային մի համալիր է: Իսկ ազգային մարմինների վերաբերմունքը նրա նկատմամբ եղել եւ մնում է անբարյացակամ: Որպես օրինակՙ Ազգային բարձրագույն մարմին հանդիսացող պատգամավորական ժողովում, հանձին ժողովի փոխատենապետ Ռուբիկ Կարապետյանի, ի պատասխան նույն միության արդարացի մի դիմումի, կատարում են անհիմն զրպարտություններ, վիրավորական ու սադրիչ հայտարարություններՙ «Րաֆֆի» միության հասցեին: 2008 թ. մայիսի 21, թիվ 24-08 բաց նամակով ՀՄՄ-ՐԱՖՖԻ համալիրի վարչությունը բացահայտում է այն փաստը, որ դեռ առկա է զգոն եւ սթափ կեցվածք դաշնակցականամետ միությունների, եւ զրպարտչական ու պիտակավորման կեցվածքՙ այլոց դեմ: Նամակում կարդում ենք. «Րաֆֆի»-ին վերագրված «պառակտիչ» ու «դավաճան»-ը հենց նրանք են, ովքեր ազգային մարմիններում զբաղեցրած իրենց պաշտոնը օգտագործում են ի շահ ինչ-որ խմբակցության կամ յուրայիններիՙ մյուսներին համարելով նույնիսկ ոչ հայ ...»:
Հուշերի 8 տարբեր բաժիններում անդրադարձ կա «Հրազդան» մարզամշակութային միության մասին, որտեղ այն անվանվում է «ձախ, թեմական խորհրդին հակառակ» (էջ 382) եւ «բռնազավթիչ, որը անօրինաբար զբաղեցրել էր Սուքերյան սրահը եւ այն համարում է իրենը» (էջ 399): Թեմական խորհուրդն էլ աշխատում էր նրանց արտաքսել այնտեղից եւ չեզոքացնել նրանց աշխատանքները (էջ 495): Ահարոնյանի այն հարցին, թե «ինչպես Դաշնակցություն կուսակցությունը չի կարողանում խափանել սրանց գործունեությունը, դոկտ. Վարդգես Նահապետյանը պատասխանում է, թե դա Մաջիդիե թաղամասում Դաշնակցություն կուսակցության ունեցած թույլ գործունեության հետեւանքն է, եւ որ կուսակցությունը մտադիր է այնտեղում հիմնել մի նոր միություն: Եվ, իրոք, քիչ անց հիմնադրվում է «Նայիրի» միությունը» (էջ 495):
«Հրազդան» միությունը հիմնվել էր թաղի ժողովրդի զավակների միջոցով, ուներ 1000-ից ավելի անդամներ, մշակութային աշխատանքների միջոցով տարածում էր հայրենասիրական հոգի եւ մարզական բնագավառում հատկապես ցուցաբերում էր բարձր որակ եւ ուներ ջերմեռանդ երկրպագուներ: Պատկանում էր թաղի ժողովրդին եւ հասարակական կյանքում թարգմանն էր նրա ձգտումների:
Ահարոնյանի գլխավորած թեմական խորհուրդը իր աշխատանքային առաջին իսկ օրից որդեգրել էր նրանց վերացնելու քաղաքականություն, սակայն ժողովրդի աջակցությամբ ու հովանավորությամբ մի կերպ գոյատեւում էին նրանք: Թեմական խորհուրդը եւ դաշնակցականները հարուցեցին արհեստական խոչընդոտներ, պիտակավորեցին ղեկավարներին, գործադրեցին ճնշում ու շանտաժ, ի վերջո միությունը լուծարվեց:
«Փյունիկ» շաբաթաթերթի հետ անցկացրած հարցազրույցում (23 նոյ.1981 թ.), Ահարոնյանը, պատասխանելով «Հրազդան» միության վերաբերյալ մի հարցադրմանը, ասում է. «Երբ խնդրո առարկա շենքը վերջացավ, «Հրազդանի» երեխաներին ասացինք, որ դուք մեր աչքի լույսն եք, եկեք, որ նստենք եւ մի ձեւ տանք, որ դուք այդ սրահից, այդ բակից օգտվեք»:
Տված ձեւն էլ միության վերացումն էր, որի վրա խաչ քաշելով, Ահարոնյանը հուշերի 530-րդ էջում գրեց ««Հրազդան» միությունը ամուր հիմքեր չունենալու պատճառով կազմալուծվեց»:
Միայն «Հրազդան» միությունը չէր, որ ունեցավ նման վախճան, «Էրեբունի» միությունը դատ ու դատաստանով վռնդվեց «Սահակյան» դպրոցի կից սրահից, «Արմեն» միությունը մահակի ուժով հեռացվեց «Արաքս» դպրոցից:
Վերոհիշյալ հարցազրույցում Ահարոնյանը ասում է. «Թեմական կանոնադրության մեջ էլ, եթե դուք վերցնեք եւ կարդաք, երբեք գրած չի, որ մենք տեղ տանք որեւէ միության»: Հապա ինչպե՞ս եք «Սուքերյան» սրահը տրամադրել «Նայիրի» միությանը, «Զարքեշ» թաղամասի «Նայիրի» սրահըՙ «Սիփան» միությանը, «ՀՈՒՍԿ»-ին տեղավորել «Գաբրիելյան» շենքում (էջ 496):
Կառավարությունից աշխատելու արտոնություն ստանալու համար միությունները կարիք ունեն թեմական խորհրդի տված հաստատագրի: Վերոհիշյալ հարցազրույցում այն հարցադրմանը, թե արդյոք կա որեւէ չափանիշ, որի համաձայն հնարավոր լինի տեսակետ հայտնել միությունների մասին», Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ, երջանկահիշատակ Տ. Արտակ արք. Մանուկյանը պատասխանում է. «Որեւէ մի չափանիշ չկա, անշուշտ, այլ միմիայն այդ միության եւ թեմական խորհրդի փոխադարձ հարաբերության խնդիրը կա,որ մինչեւ հիմա արդյո՞ք այդ միությունը հարգանք ունեցած է թեմական խորհրդին եւ առաջնորդարանին:»
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
 
ԻՐԱՆԱՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մի չափազանց կարեւոր իրադարձություն, որին դիտավորյալ կամ թյուրիմացաբար չի անդրադարձել Ահարոնյանը, «Իրանահայ Մարզական մրցություններ»-ն են:
1981թ. սեպ.10-ից 25-ը 15 օր տեւողությամբ, Թեհրանի «Րաֆֆի» մարզադաշտում մեծ հաջողությամբ մեկնարկեցին Իրանահայ մարզական առաջին մրցությունները, տարբեր մարզաձեւերումՙ 10 միությունների եւ 900 մարզիկուհիների մասնակցությամբ: Այս միջոցառումը վերածվեց իսկական մարզական փառատոնի եւ մեծ խանդավառություն ստեղծեց իրանահայ կյանքում: Այն իրականանում էր առանց ազգային իշխանության օժանդակության, առանց դաշնակցականամետ միությունների, մասնակցությամբ ՀՄՄ-Րաֆֆի համալիրում, մարզադաշտում: Թեմի հոգեւոր առաջնորդը մերժեց 10 միությունների հրավերըՙ հովանավորելու այն, եւ անգամ զլացավ որեւէ մի քահանայի միջոցով բացման արարողությանը բերել եկեղեցու օրհնանքը:
Այս միջոցառման մտահղացումը սկիզբ առավ այնժամ, երբ «Արարատ» մարզամշակութային միությունը մերժեց ընդունել 10 միությունների համագործակցության առաջարկները, որն էր միատեղ կազմակերպելու ամեն տարի սեպտեմբերին իրականացվող համահայկական մարզական մրցությունները: «Արարատ»-ը իր մենաշնորհն էր համարում համահայկական մրցությունների կազմակերպումն ու իրականացումը, որպեսզի ծառայեցնի Դաշնակցության քաղաքական քարոզչությանը:
Թեմական խորհուրդը միությունների միջեւ համերաշխություն ստեղծելու նպատակով հրավիրում է երկու կողմերին, գումարում երեք ժողովներ, որոնք չեն հանգում ցանկացած արդյունքների, որի հետեւանքով 10 միությունները կազմակերպում ու իրականացնում են վերոհիշյալ միջոցառումը:
Պարզ էր թեմական խորհրդի նպատակը, պետք է ամեն գնով շարունակվեր հինըՙ պահպանելով դաշնակցականների մենատիրությունը, սակայն այս անգամ ժողովուրդը չպարեց դաշնակցականների նվագի տակ եւ փառահեղորեն իրականացրեց վերոհիշյալ փառատոնը, որը կրկնվեց 1982 եւ 1983 թվականներին:
Հուշերի 530-րդ էջում կարդում ենք. ««Սանահին» միությունը, միանալով մի քանի ավելի փոքր միությունների հետ, ճնշում բանեցնելով թեմական խորհրդի վրա, ցանկանում էր օգտվել «Արարատ» միության հնարավորություններից, բայց այդ անհնար էր, «Արարատ» միությունը ուներ իր ամուր կազմակերպությունը եւ ինչո՞ւ պետք է տուրք տար սրան ու նրան»:
Պարզ է, թե ինչու չկայացավ համագործակցությունը եւ չստեղծվեց համերաշխություն: Ազգային բարձրագույն դիրքը զբաղեցրած, ազգային բոլոր հարստությունը, եկեղեցին ու հոգեւորականներին իր ափում ունենալովՙ թեմական խորհրդի նախագահը տարիներ անց գրում է. «Ինչու պետք է «Արարատ» միությունը տուրք տա սրան ու նրան», այսպես էր տրամադրված համերաշխության ժողովներ գումարող ու համագործակցություն աղաղակող թեմական խորհուրդը միություններին հրավիրում էր, որպեսզի խոստումների, խաբեության ու շանտաժի միջոցով ենթարկի դաշնակցականներին:

Դեռ մինչեւ այժմ էլ ժողովուրդը ափսոսանքով է հիշում «Հրազդան», «էրեբունի», «Սանահին» միությունների մասին: Նրանք նոր հոգի էին ներշնչել իրանահայության կյանքում, բայց նրանք խեղդամահ եղան ազգային իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքի հետեւանքով:
Այդ միությունները ծնունդն էին Իրանի հեղափոխության, բոլորն էլ հանդիսանում էին ոչ դաշնակցական, զրկված թե՛ ներքին եւ թե՛ արտաքին որեւէ կազմակերպության հովանավորությունից: Նրանց միակ հարստությունը, ապավենն ու հովանավորը ժողովուրդն էր: Նրանք աշխատում էին իրարից անջատ եւ երբեմն էլ իրար դեմՙ պառակտելով իրար: Ընտրություններին ներկայացնում էին տարբեր թեկնածուներ, հայտարարությամբ հանդես գալիս իրար դեմ, այսպիսով չստեղծվեց ամրակուռ մի կորիզՙ իրականացնելու համար ժողովրդի իղձերը: Այս միությունները, ներառյալ Սպահանի եւ Շահինշահրի ԻԱՄՄ-ի մասնաճյուղերը, չհաջողեցին հովանավորել եւ թիկունք հանդիսանալ Իրանի խորհրդարանի պատգամավոր դոկտ. Հրաչ Խաչատրյանին, նա մնաց մենակ եւ անօգնական, արդյունքումՙ խոցելի: Անփորձ էին բոլորը, կանգնած միջազգային տարածում ունեցող 80-ամյա մի կուսակցության թիրախի դեմ, որը նրանց համարում էր ախոյաններ ու թշնամիներ: Դրա հետեւանքով կազմալուծվեցին միությունները, եւ ըստ Ահարոնյանիՙ «...մնացին մի քանի անվտանգ միություններ» (էջ 1290):
Բարեբախտաբարՙ դեռ գոյատեւում է ԻԱՄՄ-ն, այն էլ միության լուսահոգի նախագահ Հրանդ Համբարձումյանի պատկառելի մի գումարի ներդրման շնորհիվ: Նա միության կենտրոնատեղի կառուցելու նպատակով գնեց մի մեծ հողատարածք, որի շնորհիվ էլ իր գոյությունը դեռեւս պահպանում է այն:
Ըստ Ահարոնյանի ««Արարատ» միությունը ուներ իր ամուր կազմակերպությունը, ինչո՞ւ պետք է նա տուրք տար սրան ու նրան» (էջ 530) եւ «Արարատ» միության անդամների 80 տոկոսը ոչ կուսակցականներ էին» (էջ 771):
Այո, «Արարատ» մարզավանը Իրանի մասշտաբով համարվում է լավագույնը «Ազադի» հարյուր հազար տեղանոց համալիրից հետո: Այն գտնվում է քաղաքի լավագույն թաղամասերից մեկում, պարունակում է տարբեր մարզաձեւերի դաշտեր ու լիարժեք հնարավորություններ: «Արարատ» մարզական խմբերը, երկրպագուների քանակով հանդիսանում էին երրորդը Իրանում, հայերից բացի ունեին բազմամիլիոն ոչ հայ մարզասեր կողմնակիցներ, ամեն մարզական ելույթի ընթացքում հարյուր անգամներ վանկարկվում էր «Ա-րա-րատ» անունը, եւ հոլովում «հայ, հայեր» բառերը եւ բնականաբար հիշեցնում Հայաստանը, ոչ հայ հանդիսատեսը, ծանոթանալով հայությանը, ակամա ծանոթանում էր հայկական ներքին եւ միջազգային խնդիրներին, հաճախ հակված լինելով պաշտպանելու դրանք: Սակայն հիմա ի՞նչ է մնացել «Արարատից», անգամ չունի լիարժեք մարզական խմբերՙ մասնակցելու համահայկական ներքին մրցություններին: Վերջին համահայկական խաղերին, խմբային մարզաձեւերի համարյա բոլոր պատվավոր տեղերը զբաղեցրին «Րաֆֆի համալիրի» եւ Նոր Ջուղայի «Սեւան» միության մարզիկները: Ոչ եւս է «Արարատ» տղամարդկանց ֆուտբոլի խումբը, ոչ մի տեղ չի հոլովվում նրա անունը: Իրանի հեռուստատեսության ֆուտբոլային «90 անունը կրող եւ երկրում ամենաշատ դիտվող ծրագրում ցավով ու ափսոսանքով են անդրադարձել այս երեւույթին, հրավիրել ու հարցազրույցներ են անցկացրել «Արարատի» պատասխանատուների եւ հայ հանրահայտ ֆուտբոլիստների հետ, որոնք բոլորն էլ, բացի «Արարատի» պատասխանատուներից, դատապարտել են ֆուտբոլի խմբի չգոյությունը, մեղադրելով «Արարատի» ղեկավարությանը: Տարբեր ակումբներում փնտրված գործիչներ են հայ մարզիչներն ու ֆուտբոլի վետերանները, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով բացակայում են «Արարատից»: «Արարատը» ղեկավարում են մարզական ասպարեզից խորթ «գաղափարական մտավորականներ, որոնք հարկ եղած ժամանակ կարող են ղեկավարել նաեւ «ազգային» կրթական, համալսարանական, տնտեսական անգամ կրոնական հաստատությունները: Նրանց գաղափարակիցներին է պատկանում գաղափարական հավատաքննությունը «Արարատին» անդամակցելու համար, դրանով հանդերձ, ըստ Ահարոնյանիՙ «Արարատ միության անդամների 80 տոկոսը ոչ կուսակցականներ էին», էլ ո՞վ մնաց, 20 տոկոսով աշխատելու հետեւանքներն են, որ հասցրել են այստեղ, եւ դեռ Ահարոնյանը գրում է. «Արարատը ինչո՞ւ պետք է տուրք տա սրան ու նրան»: Արարատի բասկետբոլի տղամարդկանց խումբը, նվաճած արդյունքների հետեւանքով, զրկվել է սուպերլիգայում մասնակցելու իրավունքից, սակայն ի տարբերություն նրանց, կանանց բասկետբոլի խումբը իր ճիշտ ու սրտացավ ղեկավարության շնորհիվ ունեցել է փայլուն ձեռքբերումներ:
Ահարոնյանը էջ 1403-ում գրում է. «Եթե չունենայինք «Արարատը», ի՞նչ էր լինելու մեր վիճակը»: Համաձայնելով Ահարոնյանի հետՙ պետք է ասել, որ «Արարատ» մարզավանի արժեքը մարզական ասպարեզում այսօր միայն նրա նյութական շուկայական գինն է, իսկ աշխատանքային բնագավառում նա չի ծառայում իր իսկական կոչումին, նրա վարչությունների վարած քաղաքականության եւ գործունեության պատճառով ունեցել է ավերիչ դեր մարզական բնագավառում: Միայն ժամանցային հավաքատեղի է, այն էլ ոչ կազմակերպված եւ նպատակային:
 
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Ահարոնյանը իր գրքի բազմահարյուր էջերում վերհիշում ու արձանագրում է բազմաթիվ եւ հաճախ նույնիսկ աննշան մանրամասներ, հանկարծ հիշողությունը սկսում է դավաճանել նրան, երբ պիտի խոսեր իր ու իր շրջապատի կողմից «ձախ» պատվաբեր տիտղոսին արժանացած մարդկանց ու կազմակերպությունների մեծագործությունների մասին:
Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո նորանկախ պետության գլխավոր խնդիրներից մեկը աշխարհի եւ հատկապես հարեւան Իրանի հետ դիվանագիտական կապերի հաստատումն էր, եւ բնական է, որ նորաստեղծ հանրապետությունը այս խնդրում ակն ուներ սփյուռքի հայրենակիցների աջակցությանը, ու թեեւ բազմաթիվ երկրներում տեղի հայ համայնքի օժանդակությամբ բացվել էին ՀՀ դեսպանատներ, Թեհրանում գործը անդադար հետաձգվում էր, համապատասխան տարածք չունենալու պատճառով, տարածքը պիտի տրամադրեր «ազգային իշխանությունը» իր տիրապետության տակ ունեցող «ազգապատկան» կալվածքներից, իսկ «ազգային իշխանությունը», այսինքն Դաշնակցությունը զբաղված էր քաղաքական սակարկությամբ եւ այստեղ եւս, հավատարիմ միայն ինքն իրեն եւ կուսակցությունը վեր դասելով ազգից ու հայրենիքից, ձգձգում էր այնքան կենսական խնդիրը: Իսկ ԻԱՄՄ-ն, իր մի շարք անդամների եւ հատկապես լուսահոգի Մասիս Մաթյանի լուրջ ներդրումով, դեսպանությանը տրամադրեց բնակարանային մի համալիր աշխատակազմի բնակության համար, որը եւ արժանացավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատագրին: Այս մասին եւս Ահարոնյանը գերադասում է լռել եւ ՀՀ դեսպանության պատմությունը սկսել թեմականի կողմից տրամադրած շենքի բացումով, որը տեղի ունեցավ շատ ավելի ուշ, բայց ինչի՞ց է խուսափում Ահարոնյանը, գուցե նրանից, որ հիշում է, թե ինչպես իրենց ազգային հորջորջող իրանահայ երեք թեմերի առաջնորդարաններն ու թեմական խորհուրդները սպառնացել էին բոյկոտել բացման հանդիսությունը, եթե այնտեղ ներկայանան նաեւ ԻԱՄՄ-ն ու Մասիս Մաթյանը: «Ալիք» օրաթերթը Թեհրան-Երեւան չվերթը իրականացնող օդանավի անկման ողբերգական զոհերի քառասնօրյակին նվիրված հավելվածում Մասիս Մաթյանի կենսագրականում, թեեւ ուշացումով, անդրադարձել է այդ դրվագին, ինչն, իհարկե, գնահատելի է, բայց մի՞թե պիտի այնքան սպասենք, մինչեւ մահը գա հարթելու այս ու նման տխուր երեւույթները:
ՎԵՐՋԱԲԱՆ
Դեռ հնարավոր է շարունակել այս շարանը, բայց ուզում ենք առայժմ բավարարվել սրանով եւ եզրակացնել, որ այս գիրքը արժեքավոր է միայն որպես հում նյութ, բայց երբեք որպես հավաստի աղբյուր, մանավանդ իր վերլուծումների ու գնահատականների մեջ:
ՀՐԱՉ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, Թեհրան,
Email: hrach600@gmail.comp
«ԱԶԳ», 26-11-2010

Ա. Մասը կարդալ այստեղ. http://araxmag.blogspot.com/2010/11/blog-post_1203.html
Բ. Մասը կարդալ այստեղ. http://araxmag.blogspot.com/2010/11/blog-post_2675.html

No comments: