Tuesday, November 16, 2010

Վանի հայկական Այգեստան թաղամասը կվերականգնվի, սակայն առանց եկեղեցիների եւ «հայ» անվան հիշատակման

News.am. 16-11-2010- Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե շարունակվում են աշխատանքները՝ վերականգնելու հին Վանը, որը մեծապես կնպաստի Վանում տուրիզմի զարգացմանը։
Վանի նահանգապետը նշել է, թե հողից կմաքրվեն եւ հատ-հատ կվերանորոգվեն պատմական արժեքները, որոնց շնորհիվ կստեղծվի պատմական Վան քաղաքը՝ իր խանութներով եւ արհեստանոցներով։ «Աշխատանքները ավարտին հասցնելուց հետո պետք այդ հատվածում 12 ժամանոց կյանք լինի։ Հին Վանում աշխատելու են ոսկերիչներ, արծաթագործներ, գորգագործներ, ում աշխատանքները գնելու եւ տեսնելու համար կլինի զբոսաշրջիկների մեծ հոսք»,- նշել է Վանի նահանգապետը։
Նշենք, որ Վանի նահանգապետը ոչ մի խոսք չի ասել, որ այդ վայրերում հայեր են ապրել եւ իր նշած հին Վանը՝ հայկական Այգեստան թաղամասն է։ Ավելին, ոչ մի խոսք չկա այդ հատվածում եղած եկեղեցիների վերականգնման մասին, երբ անզեն աչքով մոտ 7 հայկական եկեղեցու հիմքեր են երեւում։ Իսկ ամենից զավեշտալին այն է, որ թուրքական մամուլում հիշյալ տեղեկության մեջ օգտագործվել է «1915-ին հայերի զավթումով ավերված հին Վան» արտահայտությամբ։

No comments: