Thursday, November 25, 2010

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ

«Լրագիր» 25-11-2010- Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վնասվածքներից մահացած զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով ձերբակալվել են երկու շարքային զինծառայողներ`Հմայակ Մարտիրոսյանն ու Արտյոմ Պողոսյանը, որոնք բանակ են զորակոչվել այս տարվա գարնան զորակոչին:
Շարքային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 367 հոդվածի («Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը») երկրորդ մասի հատկանիշներով` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Նշենք, որ այս հոդվածի երկրորդ մասով սահմանված պատիժը կարգապահական գումարտակում պահելն է` 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով, կամ 1-ից մինչեւ 4 տարվա ազատազրկումը:
Կրտսեր սերժանտ, մեկ տարվա զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, Արմավիր քաղաքի բնակիչ: Ռոբերտ Ավետիսյանը կրտսեր սերժանտ էր, ժամկետային զինծառայության էր զորակոչվել անցած տարվա աշնանը` բուհը ավարտելուց հետո, Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: