Thursday, December 2, 2010

Թուրքերը ծրագրում էին սպանել հայ եւ քուրդ քաղաքական գործիչների

Tert.am. «Թուրք վրիժառուների միություն» կոչված կազմակերպությունը (TİBT) թուրք–քրդական բախումներ հրահրելու համար Թուրքիայում ծրագրում էր մի շարք մահափորձեր իրականացնել քուրդ գործարարների և քաղաքական գործիչների դեմ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Cihan գործակալությունը, նշվում է թուրքական անվտանգության ծառայության պատրաստած արձանագրության մեջ։
Այդ փաստաթղթում նշվում է, որ TİBT–ն սերտորեն համագործակցում է «Էրգենեքոն» և JITEM (թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանում) կազմակերպությունների հետ։ Բացի այդ, կազմված արձանագրությունում, որտեղ ներկայացվում է TİBT–ի երկու անդամների՝ Մութլու Էրդողանի և ոմն Օնուրի միջև 2009թ. մարտի 22-ին կայացած հեռախոսազրույցի գաղտնալսումը, կա մի տեղեկություն, ըստ որի՝ այդ կազմակերպության ներկայացուցիչները մահափորձ էին ծրագրում նաև ՀՅԴ կուսակցության հայաստանյան բարձրաստիճան մի ներկայացուցչի դեմ։
«Տեղեկություն է ստացվել այն մասին, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանից Թուրքիա է ժամանել Դաշնակցություն կուսակցության քաղաքական կոմիտեի նախագահը»,– ասում է Օնուրը, որին ի պատասխան Մութլու Էրդողանը նախ հայհոյում է, հետո՝ ասում. «Հետևում ենք, սակայն այս պահին պետք է լուռ մնանք, թող մի քանի ամիս անցնի, հետո կամաց-կամաց մեր գործը կսկսենք, կանգ չենք առնի»։
Թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ հեռախոսազրույցից եզրակացրել են, որ TİBT–ի անդամները հարձակում էին ծրագրում հայ քաղաքական գործչի դեմ, ինչն էլ ներառել են կազմված արձանագրությունում։

No comments: