Friday, December 3, 2010

Աստանայի հռչակագիրը

11 տարվա ընդմիջումից հետո Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կազմակերպված ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովի արդյունքներն ամփոփող վերջնական փաստաթուղթ է ընդունվել, ճիշտ է, գրեթե 10 ժամ տեւած քննարկումներից հետո: Ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբեւը, ով այդ հանդիպումն անվանել է "պատմական` ԵԱՀԿ ողջ հանրության համար"։
"Մենք հասկանում ենք, որ դեպի եվրոատլանտյան ու եվրասիական` միացյալ ու անբաժանելի անվտանգությամբ հասարակություն տանող ճանապարհը երկար ու փշածածկ է",- ասել է Նազարբաեւը հավելելով, որ Աստանայում ստանձնած պարտավորությունների կատարմամբ անդամ-երկրները կապացուցեն կազմակերպություն կենսունակությունը։
Նազարբաեւից հետո ելույթով հանդես է եկել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, նշելով, որ "ԵԱՀԿ-ում մեր նպատակը պարզ է` ստեղծել անվտանգության իսկապես ժողովրդավարական հասարակություն առանց բաժանարար գծերի, որտեղ բոլոր պարտավորություններն իրագործելի են, որտեղ հնարավոր չէ պատկերացնել ուժի գործադրում եւ որտեղ հարգում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունը"։ Ի դեպ, Լիտվան 2011-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։
Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներն ընդունել են "Աստանայի հոբելյանական հռչակագիր. դեպի անվտանգ հասարակություն" փաստաթուղթը, որը մեկ անգամ եւս հաստատում է նրանց նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին։ Հռչակագրում մասնավորապես ասված է.
"Մենք շատ հաջողությունների ենք հասել, բայց եւ հասկանում ենք, որ շատ բան է պետք անել, որպեսզի երաշխավորենք այդ հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքն ու մեր ստանձնած պարտավորությունների կատարումը ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական ու մարդկային, հատկապես` մարդու իրավունքների բնագավառում։
Յուրաքանչյուր անդամ-պետության անվտանգությունը անքակտելիորեն կապված է մյուս անդամ-երկրների անվտանգության հետ։ Յուրաքանչյուր անդամ-պետություն անվտանգության հավասար իրավունք ունի։ Մենք կրկին հաստատում ենք յուրաքանչյուր անդամ-պետության բնական իրավունքը` լինել ազատ կամ ընտրել կամ փոխել իր անվտանգություն ապահովող միջոցները ընդհուպ մինչեւ միություն կազմելը։ Յուրաքանչյուր երկիր ունի նաեւ չեզոքություն պահպանելու իրավունք։ Որեւէ մասնակից-պետություն չպետք է ամրապնդի իր անվտանգությունը մյուս պետությունների անվտանգության հաշվին"։

No comments: