Friday, December 3, 2010

Եվրահանձնաժողովը Երեւանին կոչ է արել արագորեն հետաքննել լրագրողների դեմ հարձակումները

News.am. 2-12-2010- Եվադատարան այսօր` դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարություն է ընդունվել Հայաստանի մասին, որտեղ եվրոպացի պատգամավորները քննադատել են Հայաստանին արդարադատության համակարգում առկա թերությունների համար:
Մասնավորապես, փաստաթղթում Եվրոպական խորհրդարանը Հայաստանին կոչ է արել առավել գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ուղղությամբ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ձերբկալությունների եւ հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:
Հատկանշական է, որ այս հայտարարության տեքստի նախագիծն ավելի կոշտ ձեւակերպումներ է պարունակել, սակայն թեժ քննարկումների արդյունքում այն մեղմացվել է: Մասնավորապես, նախապես շրջանառության մեջ դրված տեքստում գրված է եղել. «Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում լրագրողների դեմ բռնություններին վերջ տալու համար», այնինչ երկարատեւ քննարկումներից հետո ձեւակերպումը դարձել է այսպես. «Կոչ ենք անում արագորեն եւ մանրակրկիտ կերպով հետաքննել լրագրողների դեմ հարձակումների բոլոր դեպքերն ու պատժել մեղավորներին»:
Քննարկումներն այնքան թեժ են եղել, որ բանը հասել է նրան, որ Լիտվայից ընտրված Վիտաուտաս Լանցբերգիսն, ի նշան բողոքի, լքել է դահլիճը:
Հիշեցնենք, որ այս հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը եւ ԱԺ Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս NEWS.am-ին հայտնել է, որ հայտարարության տեքստը հավասարակշռված է եւ Հայաստանի հասցեին որեւէ քննադատություն չի պարունակում:

No comments: