Friday, December 3, 2010

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

Ջուղայի խաչքարերի ջարդն իրագործած Ադրբեջանը լկտիություն ունի խաչքարը համարելու «ադրբեջանական արվեստի նմուշ»
«ԱԶԳ», 03-12-2010- Ադրբեջանը եվրոպական միակ երկիրն է, որ հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից:
Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին Հայաստանի նախագահի ելույթի այսպիսի գնահատականն ուղղված էր նույն այդ ԵԱՀԿ անդամ երկրներին, որոնք, սակայն, նավթային իրողություններից ելնելով` հաճախ նախընտրում են անհաղորդ մնալ նման իրականության հանդեպ: Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է. «Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով»:
Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանը վիճարկում էր խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները եւ պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: «Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման երկարատեւ եւ հետեւողական քաղաքականության գագաթնակետը»:
«Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջեւ կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», նշել է Սերժ Սարգսյանը:
Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, ըստ Հայաստանի նախագահի, Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատեւ խաղաղության հաստատման համար:
«Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար...»: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետեւանքներըՙ առանց վերացնելու հակամարտության պատճառը:
Ըստ Հայաստանի նախագահի, Ադրբեջանի փորձերըՙ ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ, ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: «Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:
«Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից», հայտարարել է Հայաստանի նախագահը:
Հ.Գ. Աստանայում Հայաստանի նախագահը ԵԱՀԿ գագաթաժողովի երկրորդ օրը հանդիպել է Հունգարիայի նախագահ Պալ Շմիթի եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: