Friday, December 3, 2010

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան. Ադրբեջանի ռազմական բյուջեն իսկապես որ ահռելի է

News.am. 2-12-2010- ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունները անկասելիորեն աճում են։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, իսկ այժմ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Ռոն Ուիլսոնը։ Նա նշել է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանի բացակայությունը չի արտացոլում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը։
Դիվանագետը նշել է, որ որոշ հարցերում Բաքվի եւ Վաշինգտոնի տեսակետները համընկնում են, մասնավորապես էներգետիկ, եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ նախկին դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են։ Ուիլսոնը խուսափել է պատասխանել հարցին, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նշել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն իսկապես որ ահռելի է։
«Այնուամենայնիվ, Բաքուն դեռ երկար ժամանակ պետք է իր ռազմական ոլորտում ֆինանսական ներդրումներ կատարի, որպեսզի բանակի ներուժը այնքան լինի, որ կարողանա պատերազմական ճանապարհով լուծել այս խնդիրը»,- նշել է Ուիլսոնը՝ ավելացնելով, որ ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծումը շատ բարդ է։
Ըստ նրա՝ Ադրբեջանի համար ռազմական գործողությունները չափազանց թանկ կարժենան, դրանք նաեւ բացասաբար կանդրադառնա Բաքվի ու Արեւմուտքի հարաբերությունների վրա։ «Հայերը շատ լավ դիրքեր ունեն լեռնային տեղանքում, եւ նրանցից շատ դժվար կլինի մի կտոր հող վերցնելը»,- եզրափակել է նախկին դեսպանը։

No comments: