Thursday, December 2, 2010

Ա. Զաքարյան. ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ

Panorama.am. 2-12-2010- Այս օրերին Բրյուսելում տեղի է ունենում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորի խոսքով, իր ելույթում նա, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական կարևորություն ունի: Խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
«Ցավոք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում մշտապես հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ:
Նույնիսկ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բանակցությունների շեմին Ադրբեջանը զերծ չի մնում ռազմական գործողությունների սպառնալիքների կիրառումից, ինչի վկայությունն է վերջերս նրա կողմից ընդունված ռազմական դոկտրինը: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որևէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ և զգայուն կողմեր շատ ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների և դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում, հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: Այս առումով հայկական կողմը որոշ վերապահումներ և անհամաձայնություններ ունի 2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձևի հետ: Այդ մասին մեր դիրքորոշումները բազմիցս ներկայացվել է տարբեր ձևաչափերով անցկացված հանդիպումների ընթացքում: Մասնավորապես բանաձևում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձևակերպումներ, և անտեսվել են հակամարտության էության հետ առնչվող կարևորագույն փաստեր: Արդյունքում այն առիթ է տվել Ադրբեջանին հղում կատարել նման հեղինակավոր փաստաթղթերին` սաստկացնելով ռազմատենչ հայտարարությունները և վտանգել տարածաշրջանային փխրուն քաղաքականությունը:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել ոչ 1918 թ. հռչակված անկախ Ադրբեջանի, ոչ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում: Իսկ Սովետական տոտալիտար իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղը անարդար և բռնի կերպով սովետական Ադրբեջանի կազմում է հայտնվել միայն և միայն կոմունիստական կուսակցության կովկասյան կառույցի որոշմամբ ու պարտադրանքով` 1923թ-ին: Ողջ սովետական ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարվում էր Լեռնային Ղարաբաղը հայաթափելու, հայկական պատմամշակութային հուշարձանները վերացնելու, Ղարաբաղի պատմությունը հետևողականորեն կեղծելու, հայկական բնակավայրերում սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ ստեղծելու հատուկ ծրագիր: Սակայն ի տարբերություն Նախիջևանի հայության, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարեց և մինչև այսօր էլ պայքարում է իր սեփական երկրում ինքնիշխան, ինքնուրույն, ազատ և իրավահավասար ապրելու համամարդկային իր իրավունքների համար` հավատարիմ մնալով և հույսեր կապելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ուժի չկիրառման, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման, ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովուրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած ծրագրված ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղի դեմ, օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ի պատասխան դրան Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր Հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Այդ անվտանգությունն ամրապնդելու համար ձևավորվեց Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին այդ գոտին մեր կողմից չի բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն ու ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների Ադրբեջանին վերադարձնելու հարցի քննարկումները` իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող ցամաքային միջանցքը:
Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռևս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետևանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ և ամբողջական բանակցությունների կայացմանը, ինչպես նաև հնարավոր կդարձնի փոխզիջումային տարբերակների իրագործման շուրջ գործնական քննարկումները: Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»,- իր ելույթում ասել է Ա. Զաքարյանը:

No comments: