Thursday, January 27, 2011

Աբդուլլահ Գյուլ. Դինքի դատավարության հարցում ամոթ եմ ապրում

Panorama.am. 27-1-2011- ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալու համար Ստրասբուրգ հրավիրված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին հանդիպել է լրագրողների հետ ու զրուցել տարբեր կարևորութան հարցերի մասին: Օրինակ` Թուրքիայի դատաիրավական համակարգի վերաբերյալ Գյուլն այսպես է արտահայտվել. «Դատական համակարգը Թուրքիայի ամենազառամյալ կառույցն է: Բարեփոխումների պետք ունի»:
Թուրքական «Milliyet» օրաթերթի թղթակից Հասան Ջեմալը Գյուլի հետ զրուցել է Հրանտ Դինքի սպանության և դատավարության խայտառակ ընթացքի մասին:
Հասան Ջեմալ
- Դուք Եվրախորհրդում պատասխանեցիք 1915-ի վերաբերյալ հնչած հարցերին: Բայց պատասխանների կարոտ է մնում Հրանտ Դինքի սպանության հետ կապված հարցերը:
Աբդուլլահ Գյուլ
- Պետական վերահսկիչ պալատը (ՊՎՊ-DDK) դատարանի ֆունկցիա չունի և քննության չի առնում Թուրքիայում տեղի ունեցող ամեն ինչ: Բոլոր խնդրահարույց գործերը վերահսկիչ պալատ ուղարկելն անհնար բան է: Միայն կարևոր իրադարձությունների դեպքում է ՊՎՊ-ն միջամտում:

Հասան Ջեմալ
- Հրանտ Դինիք սպանությունն այդչափ կարևորներից չէ՞:
Աբդուլլահ Գյուլ
- Քանի որ այդ կապակցությամբ համապատասխան դատական գործընթացը մեկնարկված է, ճիշտն ասած, մտքովս չի անցել նոր ատյան ավելացնելու առումով:
Բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, անհնարին բան չկա:
Հասան Ջեմալ
- Հարցաքննություններն անարդյունք մնացին: Դատական գործերից որոշ բաներ անջատվեցին ու առկախվեցին: Ոչինչ չարվեց Դինքին նախազգուշացրած անվտանգության աշխատակիցների (MIT) մասով: Բոլոր այս հարցերը մնացին ստվերում: Այս պահին միայն սպանությունը իրականացնողների դատն է ընթանում: Ոչ կառավարության դիտորդական խորհրդի, ոչ էլ խորհրդարանի հանձնաժողովի զեկույցները գործընթացում առաջընթաց չապահովեցին: Տպավորություն է, որ պետության ներսում զինվորական-քաղաքացիական լուրջ լարվածություն կա կամ էլ ոստիկանության ներսում են տեղի ունենում խմորումներ:
Աբդուլլահ Գյուլ
- Ես Անկարա գնալուն պես կզբաղվեմ այդ հարցով: Ճիշտ է, Պետական վերահսկիչ պալատը հարցաքննություն իրականացնող, մարդկանցից ցուցմունքներ վերցնող հաստատություն չէ, այն միայն հետազոտութուններ է կատարում ու իր պատրաստած զեկույցն ուղարկում դատախազություն, կառավարություն և պատկան այլ կառույցներ, բայց եթե պարզեմ, որ անելիք ունի նաև Դինքի սպանության հարցում, ապա, անկեղծ եմ ասում, վճռականություն կցուցաբերեմ:
Հասան Ջեմալ
- Այսօր դուք կոչ եք անում 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար հանձնաժողով հիմնել, արխիվներ բացել: Մենք մեր համերկրացի մեկ հայի սպանության մութ կողմերի վրա չենք կարողանում լույս սփռել: Չե՞ք կարծում, որ Ձեր այդ կոչը Թուրքիայի համար երկար ժամանակ ավելի լուրջ բարդություն առաջացնող հարց կլինի:
Աբդուլլահ Գյուլ
- Կատարվածը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել... Բայց ասեմ նաև, որ եթե դատվարության մեջ եղած թերություններ ի հայտ գան, ապա, անկասկած, ամոթաբեր կլինի: Թուրքիա վերադառնալուն պես կզբաղվեմ այդ հարցով: Եթե ՊՎՊ-ն անելու բան ունենա այդ հարցում, անկեղծ եմ ասում, չեմ վարանի գործել:
Հասան Ջեմալ
-Երկու օր է միասին Ստրասբուրգում ենք: Ներկայացրեցիք Մարդու իրավունքների եվրադատարանի (ՄԻԵԴ) կարևոր դերը Եվրոպայի ողջ իրավակարգի համար: Նույն այդ դատարանը Թուրքիային մեղադրող դատավճիռ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով: Անցել է 4 տարի: Դատարավարությունը դեռևս անարդյունք է, հարցաքննությունները` անօգուտ: Առնետների մրցավազքի մեջ է...
Աբդուլլահ Գյուլ
- Այո, շատ վտանգավոր իրավիճակ է դա:
Հասան Ջեմալ
- Ոչ մի պետական ծառայող դեռևս պատասխանատվության չի ենթարկվել: ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտել է նաև այդ պատճառով: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
Աբդուլլահ Գյուլ
- Այդպիսի դատավճիռը, իհարկե, չի թողնում գլուխս հպարտ պահեմ... Ինչ խոսք, անփութություններ եղել են: Բացի այդ մարդիկ ձերբակալվել են, ժամանակ է անցել, բայց դեռ ամենը հստակեցված չէ: Սա մեզ համար մի մեծ թուլություն է նշանակում և` ամոթ... Անկեղծ ասած` չեմ պատրաստվում կրծքով պաշտպանել` ասելով, թե մենք ամեն բան ճիշտ ենք արել, այս ենք արել, այն ենք արել:
Հասան Ջեմալ
- Ի°նչ զգացողություն ունեցաք, երբ իմացաք Եվրադատարանի վճռի մասին:
Աբդուլլահ Գյուլ
-Ամոթ ապրեցի:
Զրույցի ավարտին Գյուլը վերահաստատել է իր այն ասածը, որ ՊՎՊ-ի անելիքների մասին իրազեկվելուն պես համապատասխան հրահանգներ կտա:
Հիշեցնենք, որ պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև: Նրա սպանության մեջ մեղադրվում է այն ժամանակ դեռ անչափահաս Օգյուն Սամասթը: Մեղադրանք է ներկայացվել նաև Սամասթին սպանության դրդած Յասին Հայալի և Էրհան Թունջելի դեմ:

No comments: