Thursday, January 27, 2011

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է ՈՒ ՎԵՐՋ

«Լրագիր» 27-1-2011-Էխո Մոսկվի ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե Հարավային Կովկասում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր խաղացողը Ռուսաստանն է: Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է այնպես անել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն լինի:
«Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղված է խաղաղ կարգավորման ակտիվ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել եւ սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, եւ ռազմական գործողությունների վերսկսումը: Պատահական չէ, որ հենց սկզբից Ռուսաստանը ներգրավվեց բանակցային գործընթացում: Եւ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նույնպես Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ստորագրվեց համաձայնագիր վստահության միջոցների ամրապնդման մասին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման կշիռ ու նման հնարավորություններ ունի մեր տարածաշրջանում, մենք շատ բան ենք սպասում նրանից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով հայկական կողմի հնարավոր փոխզիջումների մասին Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե Հայաստանի ժողովրդի եւ ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նույնիսկ մեկ սանտիմետր չի ցանկանա վերադարձնել։ «Բայց, մյուս կողմից, մենք իսկապես պետք է հասկանանք, որ ցանկացած որոշում պետք է երկարատեւ խաղաղություն բերի։ Եվ այդ պատճառով փոխզիջումներն անհրաժեշտ են, բայց, իհարկե, երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում նման երկարատեւ խաղաղություն իսկապես կհաստատվի, այլ ոչ թե ադրբեջանցիների պատկերացրածի պես, որ ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամենն ինչպես կար, եւ դրանից հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին։ Այդպես չի լինում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։

No comments: