Wednesday, January 26, 2011

ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ, ՀՊԱՐՏ ՄԱՐԴՈՒՆ

Մեր զրուցակիցն է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը

-Տիկին Խոդիկյան, 90-ականների սկզբներին «Գարուն» ամսագրում մի հոդված էիք տպագրել արտագաղթի ահագնացող տեմպերի մասին, որ երկիրն ամեն լքողից ձմեռներն ավելի են ցրտում: Մենք տարին ամփոփեցինք արտագաղթի մեծ ցուցանիշներով, 70.000 մարդ լքեց երկիրը: Ի՞նչ տարբերություն կա այն ժամանակվա և ներկայիս արտագաղթի միջեւ: Այս թիվը նախկին տասը տարիների ընթացքում առկա չէր:
-Ընդամենը կարող եմ ասել, որ այս արտագաղթն այդ տասը տարիների վարվող քաղաքականության «ամենափայլուն» ցուցանիշն է, այնքան «փայլուն», որ անկախության 20-րդ տարում երկրից զզված փախչողների ահագնացող թիվն արդեն երկրի անվտանգության խնդիր է դառնում:

-Ի նկատի ունեք այն հանգամանքը, որ Ադրբեջանում և Թուրքիայում ժողովրդագրական պատկերն ա՞յլ է, մի քանի անգամ զիջո՞ւմ է մեզ:
-Այո: Եվ այս իշխանությունով հուսավառ հիացածներին ուզում եմ «շնորհավորել», նրանք իսկապես «պարծենալու» բան ունեն: Նրանք հասան այնպիսի ցուցանիշի, որն ամենասարսափ մղձավանջում անգամ չէր կարելի պատկերացնել:

-Տասը տարում ի՞նչ էր կուտակվել:
-Ես տասը ասացի, որովհետև Դուք տասը նշեցիք, բայց այս ամենի սկիզբը դրվեց 95-ին` ընտրության մասին օրենքի հայտնի փոփոխություններով, 96-ի ընտրություններով, 98-ի ընտրություններով, 99-ի հոկտեմբերի 27-ով, և հետո մնացած բոլոր ընտրություններն ու իշխանության ամենաթողության հաղթարշավը… Այսօր քաղաքական դաշտում գտնվող բոլոր անձինք, ու նաև այդ դաշտում չգտնվողները` մեզանից ամեն մեկն իր չափով մեղավոր է այսօրվա վիճակի համար: Մինչև սա գոնե ինքներս մեզ չխոստովանենք, մինչև չհասկանաք, թե ինչ ենք արել սխալ և ինչը դեռ կարելի է ուղղել` արտագաղթը 11թվին ավելի բարձր ցուցանիշ կգրանցի… ես վախենում եմ կանխատեսել մնացած տարիները: Ճիշտն ասած, 90-ականների սկզբին ով թողնում էր Հայաստանը, անկեղծորեն նրանց համարում էի դավաճան և այսօր էլ կարծիքս չեմ փոխել, որովհետև, ճիշտ է, ցուրտ էր, մութ էր, բոլորս անցել ենք այդ ծանր օրերի միջով, բայց երբ բողոքում էինք այդ ցուրտումթից, հաջորդ պահին ամոթահար մտածում էինք. «բայց ռազմի դաշտում տղաները կյանքի ու մահվան կռիվ են տալիս»:

Մինչև 94-ի հրադադարը, ով հեռացել է Հայաստանից (թող չնեղանան ինձնից, ես իմ կարծիքն եմ ասում)` դասալիք են: Դրանից հետո, երբ սկիզբ դրվեց ամեն անգամ խորացող հուսահատությունը, երբ թշնամուն հաղթելուց հետո օրեցօր սկսեցինք պարտվել մեր սեփական տանը` Հայաստանը լքողներին կարող եմ միայն հասկանալ ու արդարացնել: Պատահակա՞ն է, որ ամեն մի ընտրությունից հետո արտագաղթի ալիքը նորոգվում է: Ու դա կշարունակվի, քանի դեռ չկա փոփոխության համահանրային պահանջն ու կամքը: Հասկանում եք, աշխարհի երեսին կա հանցանք և կա պատիժ: Հայաստանում միայն հանցանք է, պատիժ չկա: Արտագաղթի չարյաց արմատը ես համարում եմ Արդարության համարյա չգոյությունը:

-Տիկին Խոդիկյան, Դուք նշեցիք, որ այս վիճակը կշարունակվի այնքան, մինչև մեզնից յուրաքանչյուրը չհասկանա: Կարծես անհատական մակարդակում կա այդ գիտակցումը, ինչո՞ւ չի լինում փոփոխություններին հասնելու տարբերակը:
-Պիտի հիշեմ մեր զրույցներից մեկը, որտեղ ասել եմ հասարակության մոտավորապես տասը տոկոս ակտիվ շերտի մասին: Նախորդ տարվա արտագաղթողների մեջ, ասում են, այդ տասը տոկոսից որոշակի մաս կա: Եթե դա իրոք այդպես է, տուժողը երկրի ապագան է: Ի վերջո, կարևոր է, թե ով է եկել բողոքի հարթակ` միայն օրվա հացի խնդիր լուծո՞ղը, թե մարդիկ, ովքեր կայացած են տնտեսապես, ֆինանսապես և ուզում են արժանավայել ապրել: Բնականաբար, բևեռայնորեն տարբեր կլինեն այս երկուսի և պայքարը, և վերջնանպատակը:

-Հայաստանի լեզվի մասին օրենքի փոփոխություններին դեմ շատերը դուրս եկան, առհասարակ աճեց նախաձեռնությունների թիվը: Սրանք ձեռքբերումներ չե՞ն:
-Իհարկե, ձեռքբերում են, բայց հաճախ` նախապես հայտնի արդյունքով: Ամառային կինոդահլիճը կարծես փրկվեց, իսկ Լեզվի խնդիրը… եղավ այն, ինչ եղավ: Թող այս անգամ լինեմ չպատճառաբանված լավատես, բայց իշխանության այդ տխրահռչակ «բարեփոխումը» երկար կյանք չի ունենա: Միևնույն է, մի օր կստիպենք վերանայել այն:

-Բայց առայժմ գնում է հակառակ պրոցեսը: Կարեն Կարապետյանը քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ է կազմակերպում: Նաեւ նշվում է, որ ռուսաց լեզվի իմացությունը հայերի համար անվտանգության խնդիր է:
-Թե ինչքան եմ սիրում ռուսաց լեզուն, կարող է ապացուցել իմ գրադարանը, որտեղ հայ հեղինակներից բացի, մնացածը ռուսերեն է: Հրաշալի տիրապետում եմ ռուսերենին, տեղն եկած պահին հիանում եմ այդ լեզվի ճկունությամբ, հարստությամբ, բայց ես այդ իրավունքն ունեմ, որովհետև ինձ համար իմ մայրենին առաջինն է: Իմ լեզուն իմն է, իմ թագուհին է, իմ տերն է, իմ երկրի միակ իշխողն է, իսկ մնացած լեզուները` լինի ռուսերեն, անգլերեն ու մնացած բոլորը, «մեր գլխի վրա տեղ ունեն», բայց Հայաստան երկրում իշխողը պետք է լինի հայերենը:

-Որտեղի՞ց մեր իշխանություններին այսքան ռուսամոլություն:
-Դա հատուկ է ստրուկին, հպատակին, հատուկ է մեկին, ով կառչած է իր աթոռին: Անկախ, հպարտ մարդուն հարգում են: Այնքան է եղել, երբ մարտնչող հերոսի առաջ թշնամին խոնարհվել է, իսկ քծնողի նկատմամբ վերաբերմունքը միայն ներողամիտ արհամարհանքն է: Իշխանությունը երևի թե վաճառելու ուրիշ բան չունի, դե, իսկ քանի այս իրավիճակը շարունակվում է, ուրեմն մեզ տեղն է:

-Իսկ ա՞յն, որ իշխանության մեջ արմատավորվի, որ իշխանությունը նաև ծառայություն է:
-Դա նրանք ոչ հիշում են, ոչ էլ կհիշեն, դա պետք է կարողանալ պարտադրել: Իրենք իրավացի են, մինչև մենք չկարողանանք սթափ նայել ինքներս մեզ, ստեղծված իրավիճակում մեղավորներ չփնտրենք մեր կողքը, այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի մեջ, երբ ամեն մեկս տեսնենք մեր հետընթացը, գուցե այդ ժամանակ ինչ-որ բան փոխվի:

-Վարչապետն ասում է` հեղափոխության չենք կարող դիմել, դա կվնասի մեր ազգային շահին:
-Դրան հետևում է միայն լռությունը…

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 26-1-2011

No comments: