Wednesday, January 26, 2011

Թուրքիան տրոհման վտանգի առաջ է. ԱԺ պատգամավոր

News.am. 26-1-2011- Հայ-թուրքական գործընթացի մասին չի կարելի խոսել անցյալ ժամանակով, գործընթացը պարզապես պասիվ փուլում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 26-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Նա նշեց, որ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։ «Նախ մեզ հաջողվեց այդ գործընթացում Ցեղասպանության խնդրի վերաբերյալ վեճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը մեզ տասնամյակներ շարունակ չէր հաջողվում իրականացնել, հարց, որի համար Հրանտ Դինքը պատժվեց թուրքակական բարբարոսի կողմից եւ հատուցեց կյանքով»,-հայտարարեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ ձեռքբերում կարելի է համարել այն, որ հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո, միջազգային տարբեր ատյաններում սկսեց ակտիվ քննարկում ընթանալ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ։ Բացի այդ, Թուրքիայի ամենաբարձր մակարդակի մտավորականները ինտերնետային ստորագրահավաք իրականացրին, կոչ անելով թուրք հասարակությանը ճանաչել Ցեղասպանության փաստը, այլապես միջազգային հանրության լիարժեք անդամ լինել չի կարող:
«Այս հաղթարշավը այլեւս կասեցնել հնարավոր չէ։ Դա արագ կամ դանդաղ տարածվելու է թուրքական ողջ հասարակության մեջ»,-հայտարարեց պատգամավորը։ Երկրորդ կարեւոր ձեռբերումն, ըստ Մինասյանի, այն է, որ Հայաստանը կարողացավ միջազգային հանրությանը հասկացնել, որ տարածաշրջանային զարգացման վերաբերյալ ունի չկաղապարված մոտեցումներ:
«Մենք բաց ենք քննարկումների համար, եւ պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այս մոտեցումը ընկալելի է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար, եւ սա մեր ամենամեծ ձեռքբերումն է»,-նշեց բանախոսը։ Նրա խոսքով՝ երբ որեւէ երկիր, տվյալ դեպքում Թուրքիան, գնում է միջազգային զարգացումների տրամաբանությանը հակառակ, ապա վաղ թե ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկիրը տեղափոխել նորմալ զարգացման հուն։ «Շատ երկրներ այդ պարագայում տրոհվում են։ Ես չեմ ուզում մտածել, որ Թուրքիային եւս սպառնում է դա, սակայն ընթացող զարգացումները դրա մասին են վկայում»,-հայտարարեց Միասյանը։

No comments: