Thursday, January 27, 2011

Հայաստանի նախագահ. Այլատյացությունը շատ ցավոտ հարց է

News.am. 27-1-2011- Այլատյացությունը շատ ցավոտ հարց է եւ շատ հեշտ է գտնել առիթ ու ամեն ինչում մեղադրել մարդկանց, ովքեր ինչ-որ չափով քեզ նման չեն: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Ռուսաստանում ազգային հողի վրա հաճախակի դարձած հուզումները 2010-ի վերջին:
«Կան շատ մարդիկ, որոնք սեփական խնդիրների լուծումը տեսնում են այն մարդկանց մեղադրելու մեջ, ովքեր տեսքով իրենց նման չեն: Ես կարծում եմ, որ դա բնորոշ չէ Ռուսաստանի պետությանն ու ժողովրդին: Բայց հաճախակի դարձած դեպքերն, իհարկե, մտահոգում են: Ես վստահ եմ, որ նույնիսկ քրեական օրենսգրքի շրջանակներում կարելի է լուծել այս խնդիրը. Ամեն մի դեպքից հետո պետք է հետեւի պատիժը»,- վստահություն է հայտնել Սերժ Սարգսյանը, հավելելով, որ դժգոհությունն, իհարկե, կլինի, բայց դա չի վերագրվի ռուսական պետությանը:
«Ուզենք, թե՝ չուզենք, մեր իրավապահների գործողությունները, լինի Հայաստանում, թե՝ Ռուսաստանում, հասարակ ժողովուրդը գնահատում է որպես իշխանությունների գործողություններ: Եվ երբ դատավորը ելնելով ոչ միայն իրավական, այլեւ այլ մղումներից, 3 կամ 4 տարի ազատազրկում է վճռում մարդասպանի համար, իհարկե հարցեր են առաջանում:
Այս կապակցությամբ, ես ուզում եմ դեպք հիշել, որը տեղի է ունեցել Ղարաբաղում 1967 թվականին: Այդ դեպքը մի կողմից խոսում է այն մասին, որ ղարաբաղցիները երբեք չէին համաձայնում քաղաքական մարմնի որոշման հետ, որը Ղարաբաղը բռնակցել էր Ադրբեջանին (իսկ դա կոմկուսի Կովկասյան բյուրոն էր), մյուս կողմից խոսում է ժողովրդի կոնկրետ դժգոհության մասին: 1967-ին Ստեփանակերտում դատում էին ադրբեջանցիների, ովքեր սպանել էին հայ աշակերտի: Ադրբեջանի Գերագույն դատարանը ոչ շատ խիստ վճիռ էր կայացրել եւ այդ ժամանակ դժգոհությունը բերեց նրան, որ ժողովուրդն սկսեց ապստամբել: Մարդիկ շուռ տվեցին հանցագործներին տեղափոխող մեքենան, այրեցին այն եւ տեղի ունեցավ ինքնադատաստան: Իհարկե, այնտեղ քաղաքական դրդապատճառներ կային: Այն ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտում մտցվեց պարետային ժամ: Դա չէր լինի, եթե դատարանը արդար վճիռ կայացներ: Իհարկե, ես չեմ ուզում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ այս հարցը հեշտ կարելի է լուծել միայն քրեական օրենսգրքով կամ դատավորների վարքով, բայց շատ դեպքերում արդարադատությունը կարող է շատ դրականորեն ազդել գործընթացի վրա: Բացի այդ, յուրաքանչյուրը կհասկանա, որ տվյալ արարքի համար նա ծանր պատիժ է կրելու»,-ամփոփել է Հայաստանի նախագահը:

No comments: