Sunday, January 23, 2011

Գյուլը ԵԽԽՎ-ի ամբիոնից կխոսի հայ-թուրքական գործընթացի մասին

Tert.am. 23-1-2011- Հունվարի 24-26-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա առաջին լիագումար նիստը, որին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` ԵԽԽՎ լիագումար նիստի շրջանակում Աբդուլլահ Գյուլը հանդես է գալու ելույթով, որից հետո պատասխանելու է եվրախորհրդարանականների` Հայկական և քրդական հարցերին, կիպրական հիմնախնդրին, թուրքական արտաքին քաղաքականությանն ու Թուրքիային առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ հարցերին:
Բացի այդ, զեկույցով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով կներկայացնի Թուրքիայի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց ի վեր իրականացված միջոցառումները:
ԵԽԽՎ նստաշրջանին հատուկ հրավիրյալի կարգավիճակով ներկ են գտնվելու նաև Ռումինիայի ու Սերբիայի նախագահները և Ալբանիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ 2007թ. Աբդուլլահ Գյուլը ելույթով հանդես էր եկել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում խոսել էր քրդական հարցի, Թուրքիայում կանանց իրավունքների և «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին:

No comments: