Thursday, January 27, 2011

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը ԵԱՀԿ միակ երկիրն է, որը հոխորտում է իր ռազմական ծախսերով

News.am. 27-1-2011- ԼՂ հակամարտությունում հումանիտար խնդիրներով լիարժեքորեն զբաղվել հնարավոր կլինի միայն քաղաքական որոշում գտնելուց հետո: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այժմ խոսել հումանիտար հարցերի մասին պետք է, բայց ինչ-որ լուրջ արդյունքներ սպասելը բարդ է:
«Երբ ես խոսում եմ երկարաժամկետ խաղաղության մասին, ես նկատի ունեմ ինչ-որ փոփոխություն նաեւ մարդկանց հոգեբանության մեջ: Ներկայումս Ադրբեջանում այնպիսի հակահայկական հռետորություն է, այնպիսի այլատյացություն է, որ նույնիսկ առաջացել է նոր տերմին՝ «համաշխարհային հայության խարդավանքներ»: Այդ մարդիկ մեզ մեղադրում են բոլոր մեղքերում, իրենց բոլոր խնդիրներում. Սկսած նրանից, որ կան փախստականներ, վերջացրած տանը արդուկի փչացած լինելով:
Խոսել հումանիտար խնդիրների մասին հնարավոր էր եւ պետք էր 1995-ին, հրադադար ստորագրելուց անմիջապես հետո: Դա շատ լավ հնարավորություն էր, որպեսզի մենք կարողանայինք մոռանալ այն ցավը, որ զգացել էինք մինչեւ 1994 թվականը: Սակայն, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունն այլ ուղի ընտրեց, հրադադարը նրանք համարեցին շունչ առնելու հնարավորություն եւ սկսեցին զինվել, սկսեցին սպասել լավ ժամանակների, երբ մեծ եկամուտներ կստանան նավթից: Եվ այսօր, ինչպես երեւում է, նրանց կարծիքով, եկել է այդ ժամանակը, երբ Ադրբեջանը շատ փող ունի, նրանք կարող են շատ զենք գնել եւ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Ադրբեջանը ԵԱՀԿ տարածքում միակ երկիրն է, որը հոխորտում է իր ռազմական ծախսերով: Ինձ համար դա ընդհանրապես հասկանալի չէ: Անկեղծ ասած, հասկանալի է: Ինձ համար անհասկանալի է ԵԱՀԿ երկրների դիրքորոշումը, անհասկանալի է հմաշխարհային գերտերությունների դիրքորոշումը, որոնք մշտապես ասում են, որ Ղարաբաղը խաղաղության կարիք ունի, որ հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բայց դրանք հռչակագիր են դառնում, եթե դրանց չի հաջորդում գործը: Չէ՞ որ մենք բոլորս ստորագրել ենք Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, որտեղ սահմանված են քվոտաները:
Ես հասկանում եմ բոլոր դժվարությունները կապված այդ պայմանագրի հետ: Ես հասկանում եմ որոշ երկրների վերաբերմունքը, բայց կամ մենք պետք է խոսենք, որ այդպիսի բան պայմանագրում չկա, կամ պետք է կոչ անենք պայմանագրով մեզ գործընկեր երկրներին, այդ կազմակերպության անդամներին՝ կատարել իրենց պարտավորությունները»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ Հայաստանի նախագահն անցավ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման թեմային, դա համարելով ամենա ոչ ցանկալի ուղին: «Բայց, անկեղծ ասած, մենք ընտրելու հնարավորություն չունենք, քանի որ միայն մեր ցանկությունը՝ խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի խնդիրը, բավարար չէ: Եթե այլ ելք չլինի, մենք կհայտնվենք 1990-ականների սկզբի վիճակում: Մենք պետք է բոլոր միջոցներով պաշտպանենք մեր բնակչությանը:
Ես շատ լավ հիշում եմ իրավիճակը 1988-1994-ն թթ., հիշում եմ, որ ով չէր ալարում, խոսում էր այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում բառացիորեն մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիները կարող են թեյ խմել Ստեփանակերտում, ինչ-որ մեկը ոտքերն էր ուզում լվանալ Սեւանում: Փառք Աստծո, այդպես չեղավ, որովհետեւ մենք պաշտպանեցինք մեր հողը, մեր տները, մեր ընտանիքները: 1994-ին Ադրբեջանը, պարզապես, ստիպված էր գնալ հրադադարի: Եվ դա այն դեպքում, երբ 1993-ին արդեն եղել էին ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, որոնք պահանջում էին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանը դրանք չէր կատարում, թեեւ հիմա փորձում է ներկայացնել, թե, իբր, այն ժամանակ եղան բանաձեւեր, որոնք Հայաստանը չի կատարել: Բայց այն ժամանակ ամբողջ աշխարհին եւ հիմա էլ մասնագետներին շատ լավ հայտնի է, որդա մեզանից կախված չէր: Մենք պաշտպանվողի դերում էինք:
Հիմա ադրբեջանցիները կարծում են, որ իրենց բանակն այնքան մարտունակ է, որ արագ կկազմակերպի բլից-կրիգ եւ հարցը կփակի: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման:
Ես շատ անգամ եմ ասել եւ հիմա էլ կրկնեմ, որ մենք դեմ ենք պատերազմին, բայց դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատերազմելուց: Մենք պետք է պաշտպանվենք, քանի որ մենք այլ ելք չունենք: Որովհետեւ եթե մի հրաշքով, թեկուզ մեկ ժամով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կառավարման ներքո, այնտեղ ոչ մի հայ չի մնա: Ի՞նչ տարբերություն, թե ինչ եղանակով կորցնել Ղարաբաղը: Իսկ այն մարդու համար, ով Ղարաբաղում ապրում է, կա մեծ տարբերություն, ինքը փախա՞վ, թե կարողացավ պաշտպանել իր տունը»,- իր խոսքն է ամփոփել Սերժ Սարգսյանը:

No comments: