Thursday, January 27, 2011

ՄՏՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՐՊԱՆԸ

«Լրագիր» 26-1-2011- Lragir.am կայքի 'ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ' հոդվածի կապակցությամբ ընթերցող Հովսեփ Ղումաշյանը արձագանքել է, որոշելով, իր իսկ բառերով, “լրագրողական աշխարհի ու հասարակության ուշադրությունը հրավիրել ևս մի հիմնախնդրի վրա` կապված մաքսային 'բարեփոխումների' հետ”: Ներկայացնում ենք ընթերցողի արձագանքը:
Բոլորդ եք տեղյակ, որ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել ՀՀ Մաքսային օրենսգրքում, որի համաձայն արգելվում է ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց ժամանակավոր ներմուծում ռեժիմով Հայաստանի տարածք ներկրել ավտոմեքենաներ Վրաստանից: Առաջին հայացքից անմեղ մի փոփոխություն, սակայն ընդամենը առաջին հայացքից:
Այս քայլով մեր վայ կառավարությունը ևս մի փորձ է կատարում մտնել մարդկանց գրպանները: Բանն այն է, որ Վրաստանի հետ սահմանակից շրջաններում ավտոմեքենաների զգալի մասը վրացական են, որոնց սեփականատերերը մեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր մի քիչ խնայողություններ անելով կարողացել են մեքենա գնել Վրաստանից, քանի որ այնտեղ անհամեմատ ցածր են մեքենաների գները:
Այդ ավտոպարկի ճնշող մասը` մոտ 90%, հին մեքենաներ են, որոնց գները տատանվում են 3000-5000 դոլարի սահմաններում: Իհարկե, կան նաև թանկարժեքները, որոնք մեծ թիվ չեն կազմում ու պատկանւմ են պատգամավորներին ու օլիգարխներին: Ընդհանուր առմամբ, Հայաստանում նման կարգավիճակով կա շուրջ 45000 ավտոմեքենա:

Այժմ մեր համաքաղաքացիները` այդ թվում նաև ես, փաստի առաջ են կանգնել: Փետրվարի մեկից այդ մարդկանց թույլ չի տրվելու իրենց մեքենաներով մուտք գործել Հայաստանի տարածք. նրանք ստիպված են լինելու կամ շատ ցածր գներով վաճառել իրենց մեքենաները Վրաստանում, կամ էլ մաքսազերծման մեծ գումարներ վճարել իրենց հնամաշ մեքենաների համար: Այսօրվա պայմաններում սա սոցիալական լրացուցիչ բեռ է մեզ համար:

Հազարավոր մարդիկ չգիտեն, թե էլ ինչ անեն, որ կարողանան ընտանիք պահել: Այդ մեքենաներով նրանք առևտուր են անում, ինչն այնքան էլ մեծ եկամուտներ չի ապահովում: Մեր կառավարությունը երկրի բնակչության առաջ ծառացած սոցիալական հարցերը լուծելու փոխարեն նորերն է ստեղծում: Մարդիկ արդեն շնչահեղձ են լինում: Անձամբ ես հոգով արդեն արտագաղթել եմ, մնում է ֆիզիկապես արտագաղթեմ այս երկրից: Ու համոզված եմ, որ այդ օրը, վաղ թե ուշ, սակայն գալու է: Ես իմ ու իմ ընտանիքի համար այլևս այստեղ որևէ ապագա չեմ տեսնում:

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անդրադարձ կատարեք այս խնդրին: Շատերն են ակնկալում, որ վայ կառավարությունը գոնե ժամանակ կտրամադրի մարդկանց մեքենաների կարգավիճակը փոխելու համար, այլապես փետրվարից մեր մեքենաները կմնան Վրաստանում անտեր:

No comments: