Thursday, January 27, 2011

Արցախը Ադրբեջանի հետ պայքարում կորցնում է կարևոր հաղթաթուղթ

Տարիներ շարունակ արցախյան հարցում և կարգավորման բանակցային գործընթացում հայկական դիվանագիտության հաղթաթղթերից մեկը և միջազգային հանրության համար ամենաընկալելին եղել է Արցախի ժողովրդավարական ցուցանիշների առավելությունը Ադրբեջանի նկատմամբ:
Ամերիկյան հեղինակավոր "Ֆրիդոմ հաուս" իրավապաշտպան կազմակերպությունը հունվարի կեսերին հրապարակեց իր հերթական տարեկան զեկույցը, որում միջազգայնորեն ճանաչված և չճանաչված երկրները դասակարգված են "ազատ", "մասամբ ազատ" և "անազատ" կարգերում:
Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը, որ նախորդ տարիների զեկույցներում Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի հետ միասին դասվել էր "մասամբ ազատ" պետությունների շարքում, այս տարի ճանաչվել է "անազատ": Սա երկրների այն խումբն է, որտեղ մշտապես տեղ են գտնում Ադրբեջանը և աշխարհի տասնյակ այլ ավտորիտար ու բռնապետական պետություններ: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը, համաձայն "Ֆրիդոմ հաուսի", պայմանավորված է նրանով, որ 2010 թվականի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել և այսօր Արցախի խորհրդարանում, փաստացի, ընդդիմություն չկա:
Հայաստանի և Արցախի իշխանությունները և իշխանամերձ շրջանակները "Ֆրիդոմ հաուսի" այս տարվա զեկույցին արձագանքեցին այնպես, ինչպես սովորաբար արձագանքում են միջազգային նմանօրինակ զեկույցներին, երբ դրանցում տրվում են կոշտ, քննադատական գնահատականներ: Նրանք հայտարարում են, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները քաղաքականացված են ու միակողմանի, այդ ճանապարհով փորձ է արվում բանակցություններում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, խորությամբ չեն ուսումնասիրել Արցախի ներքաղաքական իրավիճակը: Սակայն նույն այդ իշխանությունները և իշխանամերձ շրջանակները անընդհատ օրինակ են բերում և հիշեցնում հենց "Ֆրիդոմ հաուսի" կամ այլ միջազգային կազմակերպության գնահատականները, երբ դրանցում ավելի շատ դրականն է գերակշռում:
Բայց եթե անկեղծ լինենք և իրերին նայենք անկողմնակալ՝ հենց արդարության տեսանկյունից, ապա պետք է ընդունենք, որ վերջին տարիներին ինչպես Արցախում, այնպես էլ անդրկովկասյան ճանաչված երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, նկատվում է ժողովրդավարության մակարդակի անկում: Անշուշտ, հայերի համար անընդունելի է, երբ նույն՝ "անազատ" մակարդակի վրա են դրվում Ադրբեջանն ու Արցախը, բայց դա չի նշանակում, որ սխալները ներսում փնտրելու փոխարեն մենք պետք է նեղացածի կեցվածք ընդունենք: Հակառակը, պետք է փորձել հասկանալ, թե ինչու նույն "Ֆրիդոմ հաուսը" նախկին տարիներին Արցախը չէր դնում Ադրբեջանի հետ "անազատ" երկրների շարքում, իսկ այս տարի առաջին անգամ դրել է: Ի վերջո, պետք է գիտակցել, որ ժողովրդավարության բարձր մակարդակը, երկրում օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, սոցիալական արդարությունը անհրաժեշտ են ոչ թե միջազգային հանրությունից լավ գնահատականներ ստանալու համար, թեև դա էլ շատ կարևոր է, այլ առաջին հերթին դրանք պետք են արցախցիներին: Չէ՞ որ քաղաքացու համար ավելի հարմարավետ է ապրել ժողովրդավարական երկրում, քան ոչ ժողովրդավարականում: Երկրորդ, ժողովրդավարությունը Արցախի համար ունի կարևոր արտաքին քաղաքական նշանակություն: Միջազգային հանրությունը, հատկապես Արևմտյան աշխարհը, կրելով ժողովրդավարական արժեհամակարգ, ընդունում է, որ ժողովրդավարական առումով ավելի զարգացած հասարակությունը, տվյալ դեպքում Արցախը, չի կարող կառավարվել այլ պետության՝ Ադրբեջանի, ավտորիտար ու կլանային վարչակարգի կողմից:
Անշուշտ, շատերը կարող են առարկել և իրավացիորեն հիշեցնել, որ միջազգային հանրությունը շատ հաճախ առաջնորդվում է երկակի չափանիշներով, այդ թվում՝ նաև Արցախի դեպքում: Այսպես, եվրոպական կազմակերպությունները դատապարտել և անօրինական են համարել Արցախում անցկացված բոլոր ընտրությունները: Մի կողմից նրանք դատապարտում են Արցախի ընտրությունները և չեն ճանաչում դրանց արդյունքները, մյուս կողմից, ինչպես արել է "Ֆրիդոմ հաուսը", Արցախին դասել են "անազատ" երկրների շարքում, քանի որ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը չի մասնակցել: Այստեղ կա հակասություն: Սակայն միջազգային հանրության բերանում ավելորդ լեզու չդնելու նպատակով՝ Արցախը և նրա ընտրված իշխանությունները պետք է փորձեն սեփական տունը հնարավորինս մաքուր պահել: Երկիրը՝ ճանաչված կամ չճանաչված, որքան արդար լինի, այնքան լավ առաջին հերթին այդ երկրի հասարակության համար:
1991 թվականից ի վեր Արցախում իշխանափոխությունները կատարվել են բացառապես ընտրությունների միջոցով, ինչը կարելի է համարել լուրջ նվաճում միջազգայնորեն չճանաչված, միջազգային ֆինանսական կառույցների կողմից օժանդակություն ստանալուց զուրկ Արցախի համար:
Աշխարհում շատ ճանաչված երկրներ չեն կարողանում ավելի լավ ընտրություններ անցկացնել, քան դա անում է չճանաչված Արցախը: Բայց որքան էլ Արևմտյան աշխարհը անուշադրության մատնի Արցախը որպես պետություն, որտեղ ապրում են մարդիկ, քաղաքացիներ, փաստ է, որ Արցախում ընթացող ներքաղաքական գործընթացներն աննկատ չեն մնում նույն այդ աշխարհի մաս կազմող կազմակերպությունների, այդ թվում՝ "Ֆրիդոմ հաուսի" կողմից:
Անկախություն հռչակելուց ի վեր Արցախում անց են կացվել նախագահական չորս և խորհրդարանական հինգ ընտրություններ, ինչպես նաև երկու հանրաքվե` անկախության ու Սահմանադրության ընդունման: Արցախում կայացած մի շարք ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ դրանք անցել են համեմատաբար ազատ և արդար պայմաններում: Սրա հետ մեկտեղ, պիտի ընդունել, որ տարեցտարի խորհրդարանում նվազում է ընդդիմության ներկայացվածության աստիճանը:
Արցախում առաջիկա համապետական ընտրությունները կայանալու են 2012 թ.: Չափազանց կարևոր է, որ նախագահական այդ ընտրությունները անցնեն մրցակցային պայմաններում՝ այլընտրանքային թեկնածուի մասնակցությամբ: Հակառակ դեպքում, Արցախը վերջնականապես կհաստատվի "անազատ" երկրների ոչ պատվաբեր շարքում՝ Ադրբեջանի ու ավտորիտար, բռնապետական այլ երկրների կողքին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթասի փորձագետ

No comments: