Monday, February 28, 2011

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

«Լրագիր» 28-2-2011- Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 28-ին անդրադարձել է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածությանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումից հետո, որ գազի գինը չի բարձրանա:
Հրանտ Բագրատյանն ասում է, թե ինչպես պետք է բարձրանար, կամ ինչու, եթե Հայաստանում ամենաթանկ գազն է աշխարհում: Նա ասում է, որ ներքին սպառողին հազը հասնում է 1000 խմ-ն 132 հազար դրամով, բացի այդ տարեկան մուծվում է մոտ 16 դոլարի չափ սպասարկման վարձ: Եթե դրան գումարում ենք այն 180 դոլարը, որով Ռուսաստանը 1000 խմ գազը վաճառում է Հայաստանին, ապա ստացվում է, որ Հայաստանում գազի գինը մոտ 360 դոլար է, ինչն ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում:

Հրանտ Բագրատյանն ասում է, որ պարզապես Հայռուսգազարդի ղեկավարությունը խորամանկության է դիմում, Գազպրոմին համոզում էր, որ գազի գինը գրեն 180 դոլար, իսկ մնացյալը ներառում էր ներքին տեղափոխման ծախսերի մեջ: Հրանտ Բագրատյանն ասում է, որ եվրոպական կամ հետխորհրդային ոչ մի երկրում ներքին տեղափոխման ծախսը չի կազմում այնքան, որքան Հայաստանում` մոտ 200 դոլար: Նրա խոսքով, եվրոպական երկրներում այդ ծախսը մի քանի անգամ քիչ է եւ մոտ 20 դոլար է կազմում:

Հրանտ Բագրատյանը նշում է, որ Գազպրոմը հավանաբար բացահայտել է այդ մեքենայությունները, նաեւ շնորհիվ այն բանի, որ հայաստանցի լրագրողներ` Հայկական Ժամանակից Հայկ Գեւորգյանն ու Ժամանակից Հրայր Մանուկյանը հետեւողական գրել են այդ մասին, Հայ Ազգային Կոնգրեսը գազի գնի վիճարկման գործընթացում բացահայտել է այդ ամենը: Արդյունքն էլ, ըստ Հրանտ Բագրատյանի, այն է, որ Գազպրոմն այժմ տեղեկացված է, եւ Սերժ Սարգսյանի հետ Մեդվեդեւը շատ լուրջ խոսակցություն է ունեցել:

Ըստ նախկին վարչապետի, Ռուսաստանին թերեւս զայրացրել է այն, որ Հայաստանից սխալ տեղեկատվության հետեւանքով թանկացնելով գինը, նվազել է Հայաստանում գազի սպառումը: Հրանտ Բագրատյանը նշել է, որ թերեւս այստեղ է նաեւ այն որոշման գաղտնիքը, որ պետք է սոցիալապես անապահով սպառողների համար գազի գինը նվազեցվի: Ըստ Հրանտ Բագրատյանի, Մեդվեդեւը երեւի Սերժ Սարգսյանին հարցրել է, թե ինչու է գազի սպառումը նվազել եւ պահանջել է, որ միջոցներ ձեռնարկեն սպառման ծավալն ավելացնելու համար, ինչի համար էլ իշխանությունը որոշել է սուբսիդավորել գազի գինը սոցիալապես անապահով խավերի համար:

Հարցին, թե իսկ արդյոք Գազպրոմը տեղյակ չէր այդ մեքենայություններին, եւ արդյոք գազի գինն ընդամենը քաղաքական պահանջներ ներկայացնելու լծակ է ռուսների ձեռքին, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, թե իհարկե պարտադրանք կա, բայց այդչափ չէ, իսկ Գազպրոմն էլ այդուհանդերձ տեղեկացված չի եղել եւ իրենց գործունեության շնորհիվ է տեղեկացել:

No comments: