Monday, February 28, 2011

Բաքուն դարձյալ Հայաստանի դիրքորոշմանն է սպասում

1in.am.27-2-2011- Անցնող շաբաթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար իրադարձություններով հարուստ էր, եւ սա միանգամայն սպասելի է, քանի որ Սոչիում` մարտի 5-ին նախատեսված Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումը որոշակի հետաքրքրություն է առաջացրել վաղուց փակուղային թվացող բանակցային գործընթացի նկատմամբ:
Շաբաթվա սկզբին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց, թե տարածաշրջանի ամենակարևոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու խաղաղության հաստատումն է. «Տարածաշրջանում խաղաղության հաստատման կոնտեքստում, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ավելի կարևոր խնդիր չկա»:
Ամերիկացի դիվանագետին լրացրեց մեկ այլ ամերիկացի պաշտոնյա, ով անցյալ շաբաթ տարածաշրջանում էր:

«ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ միջազգային իրավունքի և հելսինկյան սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը՝ ժամանելով Բաքու: «Մենք կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի հույս ունենք և կարծում ենք, որ առաջընթացը համապատասխանում է երկու երկրների շահերին: Նախատեսում եմ ծանոթանալ Իլհամ Ալիևի կարծիքին և տեղեկանալ՝ ինչպե՞ս կարող ենք առաջ շարժվել այդ հարցում»,- հայտարարել էր Սթեյնբերգը:

Նա շեշտեց, որ շատ կարևոր է պահպանել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ գործընթացում առաջխաղացում ունենալու հարցում:
Տարածաշրջան ժամանած եվրոպացի դիվանագետը` ԵՄ-ում Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Բաքվում հայտարարեց, թե առաջընթաց է ակնկալում մարտի 5-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: Սեմնեբին շեշտել էր, որ ԵՄ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Հարավային Կովկասին և թույլ չտա նոր կոնֆլիկտների առաջացում ու արդեն առկա հակամարտությունների կրկնում: Ողջունելով Ռուսաստանի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նա ասել էր. «Մենք շահագրգռված ենք որ հակամարտությունները կարգավորվեն և տարածաշրջանն ապրի խաղաղության մեջ»:

Սոչիում ծրագրված հանդիպումից առաջ աշխատանքային այցով անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգ մեկնեց Սերժ Սարգսյանը, ով հանդիպեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` նրանք քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են` տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:

Շաբաթվա վերջին փոքր լռությունից հետո հանդես եկավ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հստակեցրեց, որ մարտի 5-ին նախատեսված եռակող հանդիպման նախաձեռնողը ռուսական կողմն է եղել: Մամեդյարովը նշեց, որ բանակցությունների ֆորմատում փոփոխություններ չեն լինելու, իսկ խաղաղ համաձայնության հանգելու հնարավորություն միշտ կա. «Հունվարին հանդիպում ենք ունեցել արտգործնախարարների մակարդակով: Այդ հանդիպմանը որոշ հարցեր բաց են մնացել, որոնք նախագահների հանդիպմանը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դեռ վաղ է խոսել, թե ինչ համաձայնության մենք կարող ենք հասնել, սակայն նախագահների հանդիպումն արդեն դրական ազդանշան է: Հայաստանի դիրքորոշումից է կախված` կողմերը առաջընթաց կարձանագրե՞ն, թե` ոչ»:

Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը շարունակել էր. «Հիմնական հարցը` Ադրբեջանի գրաված տարածքները Հայաստանի կողմից ազատելն է: Անցած տարիԿանադայում համանախագահ երկրները հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, և հայկական կողմը պետք է իրականացնի այն»:

No comments: