Wednesday, March 2, 2011

Ընդդիմության երթի մասնակիցները հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը. հաջորդ հանրահավաքը մարտի 17-ին

News.am. 1-3-2011- Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված երթի մասնակիցները ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանի մոտ ու հարգել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիատակը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այժմ ցուցարարները գտնվում են արձանի մոտ, որին հարակից տարածքում երեք տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ:
Մեկնաբանելով տեղեկությունը, թե ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ-ի մի քանի կողմնակիցների, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե նման տեղեկություն չունի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր Երեւասնում տեղի է ունեցել ՀԱԿ-ի բազմահազարանոց հանրահավաքը:
Նշենք, ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:
Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Կեսօրին մոտ տարերայնորեն Մյասնիկյանի արձանի մոտ էին հավաքվել հսկայական քանակությամբ ընդդիմության կողմնակիցներ, որոնք սպասելով ուժային գործողության իշխանությունների կողմից, սկսեցին ավտոբուսներով բարիկադներ կառուցել: Մարտի մեկի երեկոյան ժամը 21-ի սահմաններում իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ:

No comments: