Wednesday, March 2, 2011

Թուրքագետ. Էրդողանի կուսակցությանն ընտրությունների ժամանակ իր ձայնը պատրաստ է տալ հարցվածների 48,8 տոկոսը

News.am. 2-3-2011- Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ծավալվելու է երեք՝ իշխող «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդահանրապետական» եւ Ազգայնական կուսակցությունների միջեւ։ Մարտի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։
Նրա խոսքով, Թուրքիայում անցկացված նախնական հարցումները ցույց են տվել, որ վերոնշյալ երեք ուժերից ֆավորիտի դերում միանշանակորեն «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է։ «Էրդողանի կուսակցությանն ընտրությունների ժամանակ իր ձայնը պատրաստ է տալ հարցվածների 48,8 տոկոսը, «Ժողովրդահանարապետականին»՝ 28, ազգայնականներին՝ մոտ 10 տոկոսը։ Մնացած բոլոր կուսակցությունները դժվար թե հաղթահարեն 10 տոկոսանոց շեմը։ Էրդողանը բացարձակ առաջատար է նաեւ անձնական վարկանիշի առումով. նրան համակրում է Թուրքիայի քաղաքացիների 46 տոկոսը, «Ժողովրդահանրապետականի» ղեկավար Քըլըչդարօղլուին՝ 24 տոկոսը, ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ 9 տոկոսը»,- նշեց թուրքագետը։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ցուցակներում հայազգի թեկնածուներ ընդգրկելու հարցին՝ Լեւոն Հովսեփյանը նշեց, որ Էրդողանի կուսակցությունը նման նախաձեռնությամբ փորձում է ցույց տալ, որ ինքը ժողովրդավար եւ հանդուրժող քաղաքական ուժ է։ «Սակայն եթե անգամ թուրքական խորհրդարան անցնեն նաեւ հայ թեկնածուներ, ապա նրանք դժվար թե կարողանան ըստ էության բարձրաձայնել հայ համայնքի խնդիրների մասին։ Նրանք այլեւս կլինեն թուրք պատգամավորներ, ովքեր կխոսեն բացառապես թուրքական պետության շահերից»,- բացատրեց նա։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են 2011թ. հունիսի 12-ին։

No comments: