Thursday, March 3, 2011

ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՆԴՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

«Լրագիր» 3-3-2011- Հաագայում կայացած Լեռնային Ղարաբաղին սատարելու հոլանդահայության հանրահավաքից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ. փետրվարի 28-ին, Հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը ս.թ. մարտի 1-ին Հոլանդիայի Խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Ն. Ալբայրաքին ներկայացրեց մի խնդրագիր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի շենքում կայացած հանդիպմանը ներկա էին նաև մշտական հանձնաժողովի այլ անդամներ` գրեթե բոլոր խորհրդարանական խմբակցություններից: Հոլանդահայ պատվիրակության կազմում էին` տիկին Ինգա Դրոստը, տիկին Սարինե Աբրահամյանը և պարոն Մաթո Հախվերդյանը:
Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները կազմակերպել էին հանրահավաք-ցույց Հաագայում 2011 թ. փետրվարի 28-ին` սատարելու Լեռնային Ղարաբաղին և ոգեկոչելու 23 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի հայության ջարդերի զոհերի հիշատակը:

Հանրահավաքը սկսվեց Խաղաղության Պալատի մոտ երկու րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելու այն հայերին, ովքեր կազմակերպված ջարդերի զոհ դարձան ադրբեջանական քաղաքներում` Սումգայիթում (1988), Բաքվում (1990) և այլ վայրում: Այնուհետև ցուցարարները քայլեցին դեպի Ադրբեջանի դեսպանատուն կրելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները և ցուցապաստառներ, որտեղ գրված էին` «Վերջ ադրբեջանական ագրեսիային», «Ձեռքերդ հեռու Լեռնային Ղարաբաղից», «Չմոռանանք Սումգայիթի հայերի ջարդը», «Վերջ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ոճրագործությանը», «Խաղաղություն և ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Կոսովոյի ինքնորոշման իրավունքի ճանաչում… ինչո՞ւ ոչ Լեռնային Ղարաբաղի համար», «Լեռնային Ղարաբաղ, ուրիշ ոչինչ երբեք, քան ազատություն», «Ազատություն բոլորի համար, նույնպես Լեռնային Ղարաբաղի»: Ցուցարարները հայտնեցին իրենց խոր մտահոգությունը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:

Դեսպանատան առաջ ցուցարարները վանկարկեցին կարգախոսեր` դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հիշելով Սումգայիթի ջարդերի զոհերին և սատարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ապա կարդացվեց Նիդերլանդների խորհրդարանին ներկայացվող խնդրագիրը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողները իրենց խոր մտահոգությունը հայտնեցին ադրբեջանական ռեժիմի աճող սպառնալիքների մասին` վերսկսելու զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և պատերազմ սկսելու Հայաստանի դեմ: Ցուցարարները կոչ արեցին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ ուղղեցին հոլանդական քաղաքական գործիչներին և միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել այդ ջանքերի համար:

Նիդերլանդների խորհրդարանին խնդրագիրը ներկայացնելու ժամանակ, հոլանդահայ պատվիրակության անունից տիկին Ինգա Դրոստը բացատրեց խորհրդարանի պատգամավորներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կարևորությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զգայուն տարածաշրջանի համար և խնդրեց սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հոլանդական խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Ն. Ալբայրաքը հավաստիացրեց հայոց պատվիրակությանը, որ հանձնաժողովը լրջորեն կքննարկի խնդրագրի մեջ բարձրացված բոլոր կետերը:

Նիդերլանդների խորհրդարանին ներկայացված խնդրագրի մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, որն արտահայտված է 1991 թ. անկախության հանրաքվեով, նույնքան կարևոր է, ինչքան այլ երկրների ինքնորոշումը, ինչպիս օրինակ Կոսովոյինը, որի անկախությունը ճանաչել է
Հոլանդիան:

Խնդրագիրը հիշեցնում է նաև, որ պետք է սովորել Հյուսիսային Աֆրիկայի վերջին քաղաքական զարգացումներից` ավելի հիմնական մոտեցում ցուցաբերելով ոչ ժողովրդավարական ռեժիմների հետ հարաբերություններում, ինչպես որ Ադրբեջանն է, և չառաջնորդվել միայն (աշխարհա)քաղաքական, առևտրատնտեսական և նավթային շահերի սկզբունքներով:

Հայտնի է, որ Հոլանդիան լավ հարաբերության մեջ է Ադրբեջանի հետ, չնայած որ Ադրբեջանում տիրում է ավտորիտար ռեժիմ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, բացակայում է մամուլի ազատությունը, որտեղ կոռուպցիան ավելի մեծ ծավալների է հասնում, քան դա եղել է Եգիպտոսում և Թունիսում, և որ այդ ռեժիմը, այնքան է ինքնահարստացել, որ նույնիսկ Հոլանդիայում բնակվող ադրբեջանցիները 2010 թ. բողոքի ցույցի են կազմակերպել իրենց սեփական դեսպանատան առջև, արտահայտելու իրենց գարշանքը ադրբեջանական իշխանության ինքնահարստացման նկատմամբ, երբ երկրում տիրում է լայնածավալ աղքատություն, չնայած հսկայական նավթային եկամուտներին:

Խնդրագիրը կոչ է անում Նիդերլանդների խորհրդարանին` դատապարտել ադրբեջանական ռեժիմի բռնությունները, ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ակտիվորեն սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքները:

Խնդրագիրը կուղարկվի նաև Հոլանդիայի արտաքին գործերի նախարար պարոն Ռոզենթալին, Սենատի նախագահ պարոն Վան Դեր Լինդենին, հոլանդական ԵԽԽՎ պատվիրակության նախագահ տիկին Բեմելմանս-Վիդեկին եւ ԵԱՀԿ հոլանդական պատվիրակության նախագահ պարոն Չորյուզին:

No comments: