Wednesday, March 2, 2011

Ավստրիայի նախագահը կայցելի Հայաստան

Երեկ մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունել է Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Ֆիշերը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի Նախագահին է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրել է իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել Սերժ Սարգսյանին և շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ ասել է, որ սիրով կայցելի Հայաստան:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարևոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:

No comments: