Wednesday, March 2, 2011

ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը` ուղղված գլխավոր քարտուղար Բան Կի-մունին

Մարտի 1-ին, ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը:
Նամակում՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից շարունակվող ամոթալի քարոզչությունը եւ ապատեղեկատվության տարածումը՝ մասնավորապես նշվում է, որ փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «անօրինական օկուպացման» մասին` առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել այդ «օկուպացմանը»: Իրականում, դրան նախորդել է Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին եւ օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը, Ադրբեջանի իշխանությունները սանձարզերծեցին լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ եւ ի վերջո` պատերազմ: Միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործած անթիվ ոճրագործությունները եւ սարսափելի վայրագությունները: 1988թ. փետրվարին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ սահմանադրական պահանջին՝ կիրառելու ինքնորոշման իր իրավունքը, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որն էլ իրականացրեց հայերի ջարդը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այն զանգվածային սպանությունների առաջին դեպքն էր, որին հետեւեցին Խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած դատավարությունները: Ադրբեջանն իր անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո ազատ արձակեց դատապարտված մարդասպաններին` հրապարակայնորեն նրանց հռչակելով ազգային հերոսներ:

Դեսպանի նամակում նշվում է նաեւ, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազնակերպությունների զեկույցները վկայում են, որ սումգաիթյան իրադարձությունները նպատակ ունեին ահաբեկել Ադրբեջանի մյուս շրջաններում բնակվող հայերին: 1988-1991թթ. Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում իրականացված ջարդերն ավելի քան զանգվածային ու բարբարոսական էին, որոնք հանգեցրին էթնիկ զտումների եւ շուրջ կես միլիոն հայերի տեղահանմանը:

Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի եւ բարձր պաշտոնատարների կողմից այսօր շարունակվում են ռազմատենչ կոչերը եւ ելույթները` ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար եւ միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը, էլ ավելի սրում արդեն իսկ լարված իրավիճակը: Արդյունքում, զոհված զինծառայողներին նախագահ Ալիեւի կողմից շնորհվում են հերոսի կոչումներ ու նոր պատերազմի համար աջակցություն ստանալու նպատակով հասարակության շրջանում խրախուսվում են թշնամական եւ պատերազմական տրամադրություններն ընդդեմ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու դժվարեցնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը:

No comments: