Thursday, March 31, 2011

Հերթական ծեծկռտուքը թուրքական խորհրդարանում

HayNews.am. 31-3-2011ռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հերթական բախումն է տեղի ունեցել իշխող կուսակցության և ընդդիմադիր թևի պատգամավորների միջև, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Թուրքիայի խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներից դուր չի եկել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Իսա Գյոքի խոսքերը` կապված ԱՄՆ-ում բնակվող իր անվամբ իսլամական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:
Գյոքն իր խիստ դժգոհությունն է հայտնել վերջին ձերբակալությունների, չտպագրված գրքերի ոչնչացման կապակցությամբ և նշել, որ «Թուրքիայում անձեռնմխելի է ոչ թե պատգամավորը, այլ Գյուլենը»: «Աթաթուրքը նշում էր, որ Թուրքիան չպետք է լինի դերվիշների, շեյխերի և կախարդների երկիր»,-հավելել է քեմալական պատգամավորը և շարունակել քննադատության տարափն իշխանությունների հասցեին:
Այս ամենից հետո ԱԶԿ-ի պատգամավորները մոտեցել են ամբիոնին և սկսվել է հրմշտոցը, ինչին հաջորդել է բռնցքամարտը: Որոշ պատգամավորներ փորձել են թույլ չտալ դեպքերի հետագա զարգացումը և Գյոքին շտապ դուրս են բերել նիստերի դահլիճից:

No comments: