Tuesday, March 1, 2011

Հայկական բլոգոսֆերան կոչ է անում միջազգային հանրությանը կասեցնել ջավախահայության նկատմամբ խտրական քաղաքականությունը

2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախքահայ ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Վրացական դատարանի կողմից նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հայկական բլոգոսֆերան ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների կազմել է հանրագիր (պետիցիա)՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին։
«Կանգնեցրեք ջավախահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական քաղաքականությունը» վերնագրով հանրագրում, մասնավորապես, ասվում է.
«Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես պատմականորեն Վրաստանի հարավ-արևմտյան շրջաններում (Ջավախք) համախումբ բնակվող հայության նկատմամբ: Ոտնահարվում են ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական, մշակութային տարրական իրավունքները: Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչները, որոնք փորձում են բողոքել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, հետապնդվում են:
Այսպես, 2011թ. ապրիլի 17-ին լրանում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Ձերբակալված լինելով 2008թ. Հնգօրյա պատերազմի նախօրյակին` նա վրացական դատարանի կողմից խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքներով, որոնք առնչվում են Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա հանրային գործունեությանը:
Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը նոր թափ է ստացել: Ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների հարկադիր և տոտալ վերահսկողության տակ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, աշխատանքից են ազատվում այդ գործընթացի դեմ ձայն բարձրացնող հայ ուսուցիչները: Ջավախահայության համընդհանուր հիասթափության և բոյկոտի պայմաններում կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունները:
Բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ու Եվրախորհուրդը հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ Վրաստանի հայ փոքրամասնության առջև ծառացած խնդիրներին, սակայն այդ բոլոր հորդորները վրաց իշխանությունների կողմից արհամարհվում են:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ, ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ուղղված ջավախահայության նկատմամբ խտրական քաղաքականության կասեցմանը:
Ի մասնավորի, մենք պահանջում ենք.
1. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները:
2. տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում,
3. իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները,
4. վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովական անցակետում` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը,
5. կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը,
6. վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքը:
2011թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ»:
(Ստորագրությունները հավաքվում են http://www.gopetition.com/petition/43282.html հասցեում
)

No comments: