Tuesday, March 1, 2011

Daily Telegraph–ը ներողություն է խնդրում Էրդողանից

Tert.am. 1-3-2011- Բրիտանական Daily Telegraph պարբերականը ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ վերջինիս վերաբերյալ ոչ ստույգ տեղեկատվություն տարածելու համար։ Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթը։
«Ոչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ոչ էլ նրա գլխավորած կուսակցությունը («Արդարություն և զարգացում»,– խմբ.) Իրանից ոչ մի նվիրատվություն չեն ստացել։ Վարչապետ Էրդողանից ներողություն ենք խնդրում»,– նշվում է Daily Telegraph պարբերականի խմբագրության կողմից տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերին բրիտանական Daily Telegraph պարբերականը հանդես էր եկել սկանդալային հրապարակմամբ, որում նշվում էր, թե Իրանի իշխանությունները պատրաստվում են աջակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ և այդ նպատակով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը նվիրաբերել են 25 միլիոն ԱՄՆ դոլար։
Բրիտանական պարբերականի տարածած տեղեկությունն անմիջապես հերքել էր Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը: Իսկ Էրդողանի փաստաբանները Թուրքիայի վարչապետին «զրպարտելու» մեղադրանքով դատական հայց էին ներկայացրել ընդդեմ Daily Telegraph–ի։

No comments: