Wednesday, March 2, 2011

Գերմանական SWR 2 ռադիոկայանը ներկայացրել է ԼՂ խնդիրը. Խոսել են Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը

News.am. 2-3-2011- Գերմանական «SWR 2» ռադիոկայանով մարտի 1-ի առավոտյան հեռարձակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հաղորդում, որտեղ համառոտ ներկայացվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ:
Հաղորդման ընթացքում խոսվել է նաեւ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության արդյունքում սպանված 1,5 միլիոն հայերի մասին:
Հաղորդումն սկսվել է Արցախի Պաշտպանության Բանակի զինվորի խոսքով. «Հայրենիքը պաշտպանելը մեզ համար սրբություն է: Մեր Հայրենիքում ապրում են մեր հարազատները, մեր ծնողները եւ այդ մարդիկ մեր սրբություններն են: Պաշտպանելով մեր Հայրենիքը մենք սուրբ գործ ենք անում: Մեր հողը սուրբ է»:
Այնուհետեւ խոսել է Արցախի Պաշտպանության բանակի մի սպա, ասելով. «Իմ կարծիքով հակամարտությունն ավարտվել է, պարզապես ադրբեջանական կողմը սա չի ըմբռնում: Արցախի եւ Հայաստանի ժողովուրդները պայքարել են, որպեսզի խաղաղ ապրել կարողանան: Ես էլ եմ այդ պայքարին մասնակցել, մենք չենք նահանջելու»:
Հաղորդման մեջ տեղ էին գտել նաեւ ԼՂՀ նախագահի եւ Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը:
«Վաղ թե ուշ ադրբեջանցիները պարտադրված են լինելու հրավիրել մեզ բանակցությունների, քանի որ մենք այս հակամարտության ամենակարեւոր կողմն ենք հանդիսանում, եւ պարզապես անհնարին է այս խնդիրը առանց մեզ՝ առանց հիմնական կողմի՝ առանց Արցախի լուծել»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Իսկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայաստանի եւ Արցախի միջեւ տարաձայնություն չկա: Անհնարին է Արցախի խնդիրը լուծել առանց Արցախի: Արցախը հանդիսանում է հակամարտության ամենակարեւոր կողմը: Հայաստանը փորձում է պարզապես օգնել այս հակամարտությունը լուծել:
Մեր կողմից չեն կարող միակողմանի զիջումներ լինել: Հակամարտությունը պետք է լուծել միայն փոխզիջումների հիման վրա: Արցախի հակամարտության գլխավոր թեման դա Արցախի կարգավիճակն է: Միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերը Արցախի կարգավիճակի հարցում համաձայնության գան, հնարավորություն կունենան հակամարտության այլ հարցերը քննարկել:
Իհարկե, մենք չենք կարող անտեսել սփյուռքի կարծիքը: Մեր բնակչության երկու երրորդը ապրում ե սփյուռքում: Մեր Նախագահն այդ իսկ պատճառուվ էր ուղեւորվել արեւմտյան երկրներ, որպիսզի սփյուռքահայությանը բացատրի Հայաստանի Կառավարության դիրքորոշումը: Եվ ինքը սփյուռքում ասեց նա, ինչ ասում էր այստեղ՝ Հայաստանում. թուրք հարեւանների հետ մենք պատրաստվում ենք լավացնել մեր հարաբերությունները, բայց ոչ ի վնաս հայ ազգի եւ Հայաստանի ժողովրդի»:

No comments: