Wednesday, March 2, 2011

Էրդողանը Գերմանիա էր ժամանել շոու ցուցադրելու նպատակով. գերմանական մամուլ

Tert.am. 2-3-2011- Գերմանական մամուլն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարած այցելությանը և քննադատել Էրդողանի՝ թուրք քաղաքացիների հետ հանդիպմանը արած հայտարարությունները։
Գերմանական Bild պարբերականը «Թուրք վարչապետի վատ շոուն» խորագրով հոդվածում գրում է, որ Էրդողանի ելույթը կրում էր սադրիչ բնույթ։
«Դյուսելդորֆում Էրդողանն իսկական նախընտրական քարոզարշավ կազմակերպեց՝ իր ելույթով սղոցելով թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը»,– գրում է Bild–ը։
Իսկ Բեռլինում հրատարակվող B.Z. թերթը «Էրդողանը եկել էր աղմուկ բարձրացնելու նպատակով» հոդվածում գրում է, որ թուրք վարչապետն իր հայտարարություններով ուղղակի բորբոքեց թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու խնդիրը։
Hamburger Abendblatt և Frankfurter Rundschau պարբերականները, ուշադրություն հրավիրելով Էրդողանի՝ գերմանաբնակ թուրքերին ուղղված նախ իրենց մայրենին՝ թուրքերենը, սովորելու կոչին, գրում են, որ Թուրքիայի վարչապետը նման արտահայտություններով առաջ է բերել Գերմանիայի մի շարք քաղաքական գործիչների զայրույթը։
Էրդողանի հայտարարությունները քննադատել է նաև Եվրախորհրդարանում սոցիալիստների խմբակցության նախագահ Մարտին Շուլցը՝ հայտարարելով, որ Գերմանիայում Էրդողանի իրականացրած նախընտրական քարոզարշավն ուղղակի անընդունելի է։
«Գերմանիայում Էրդողանի արած հայտարարությունները Թուրքիայի ներքին լսարանին ուղղված քարոզչություն էին»,– ասել է Շուլցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դյուսելդորֆում մոտ 10 հազար գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել էր տարբեր թեմաների, այդ թվում՝ Գերմանիայում բնակվող թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու խնդրի մասին։
«Մեր երեխաները պետք է գերմաներեն սովորեն, սակայն հարկավոր է, որպեսզի, նախ և առաջ, լավ թուրքերեն իմանան»,– հայտարարել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենք «այո» են ասում ինտեգրմանը և «ոչ»՝ ձուլմանը։
Բացի այդ, Էրդողանը կոչ էր արել Գերմանիայում բնակվող թուրք մտավորականներին վերադառնալ Թուրքիա։


No comments: