Wednesday, March 30, 2011

Վրաստանում հայկական եկեղեցուն պետք է կարգավիճակ տրվի. Վրացի գործիչ

Tert.am. 30-3-2011- Վրաստանում հայ առաքելական եկեղեցուն մոտ ապագայում պետք է անպայման իրավական կարգավիճակ տրվի: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Թբիլիսիից, նման հայտարարություն է արել Վրաց ժողովրդի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Խոմերիկին:
«Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը իրոք շատ կարևոր է: Կարծում եմ, որ այս հարցն ընդհանրապես պետք է օրակարգում չլինի, քանի որ այն աքսիոմա է»,- ասել է նա:
Խոմերիկիի խոսքով` հայկական և վրացական եկեղեցիները քույրեր են, և Վրաստանի պետությունն այդ հարաբերություններն ամրապնդելու հարցում կարևոր դեր ունի, որը, սակայն, չի կատարում հավուր պատշաճի:
«Հայկական և վրացական եկեղեցիները քույրեր են, իսկ Վրաստանում հնագույն եկեղեցիներին աջակցելու փոխարեն, ընդհակառակը, [երկրում գործելու] թույլտվություն են տալիս տարատեսակ աղանդավորական կազմակերպությունների, որոնց նպատակն է ոնչացնել ինչպես վրացական հոգևոր մշակույթը, այնպես էլ Վրաստանի տարածքում ապրող հայերին»,- ասել է նա:
Ըստ նրա` նման իրադրությունը ձեռնտու է Վրաստանի իշխանություններին, այդ իսկ պատճառով էլ նրանք ուշադրություն չեն դարձնում կարևոր հարցերին, որոնց թվում է նաև կրոնը:

No comments: