Thursday, March 3, 2011

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

«Լրագիր» 3-3-2011- Ընդդիմության միավորման թեման Հայաստանում միշտ էլ եղել է արդիական: Այն արդիական էր անգամ 2008 թվականի փետրվարին, երբ թվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվել է ծավալել իսկապես անկասելի ժողովրդական շարժում: Նույնիսկ այդ ժամանակ կարեւոր էր Արթուր Բաղդասարյանի կողմնորոշման հարցը եւ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեին հետագա զարգացումները, եթե Բաղդասարյանը կողմնորոշվեր դեպի ժողովուրդը, ոչ թե դեպի իշխանությունը: Համենայն դեպս հատկանշական է, որ իշխանությունը խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառեց միայն այն բանից հետո, երբ Արթուր Բաղդասարյանին ստորագրել տվեց կոալիցիոն հուշագիրը:
Այդ հանգամանքը հիշատակելու պատճառը Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մարտի 3-ին արված այն հայտարարությունն է, որ Հայաստանում ընդդիմության միավորման գաղափարն արհեստականորեն փաթաթվում է հասարակությանը, մինչդեռ այդ հարցը գոյություն չունի, ընդդիմությունը միավորված է, իսկ 100 տոկոս միավորում չի լինում երբեք եւ ոչ մի երկրում:

Թերեւս դժվար է վիճարկել, որ 2008 թվականի փետրվարյան տասը օրերին հասարակական ակտիվությունը, էներգետիկան հասել էին Հայաստանի անկախության պատմության ընթացքում թերեւս աննախադեպ մի աստիճանի: Եվ եթե այդ աստիճանում անգամ կար ընդդիմադիր ֆորմատն ավելի ընդլայնելու, այսինքն միավորման խնդիր, ապա թերեւս չի կարող կասկած լինել, որ այդ խնդիրը արդիական է նաեւ այժմ: Հետեւաբար այն չի կարող լինել արհեստական: Ասել, թե հասարակության ամբողջ ընդդիմադիր պոտենցիալը համախմբված է Հայ Ազգային Կոնգրեսի եւ նրա առաջնորդի շուրջ, եւ մնացյալն արդեն Կոնգրեսին չմիավորվողների խնդիրն է, թերեւս կլինի սխալ: Ասել, թե ով չի ընդունում Կոնգրեսի առաջնորդությունը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անքննելիությունը, ուրեմն իշխանության կամա, թե ակամա սպասարկուն է, նույնպես սխալ է:

Հասարակական կոնսոլիդացիայի աստիճանը Հայաստանում խիստ անբավարար է իշխանության ռեպրեսիվ մեքենայի լիարժեք հաղթահարման համար: Հետեւաբար ընդդիմադիր ֆորմատի ընդլայնման անհրաժեշտությունը կարծես թե անվիճելի է, ու արհեստականության մասին խոսելը մեղմ ասած չափազանցություն է:

Հարցը տվյալ պարագայում այլ է: Ընդամենը պետք չէ, որ միավորման խնդիրը դառնա գերնպատակ, հռչակվի որպես ելքերի ելք, որի բացակայության պարագայում այլեւս չի ստացվի ոչինչ: Դա թերեւս կօգնի լուծել երկու կարեւոր հարց: Մի դեպքում, դա իշխանությանը թույլ չի տա քարոզչական նպատակներով շահարկել միավորման խնդիրն ու դրա բացարձակացման գնով հասարակությանը հասցնել հիասթափության: Մյուս դեպքում, դա թերեւս կհանի ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտների մոտ առկա ավելորդ լարվածությունը եւ նրանց թույլ կտա շատ ավելի հանգիստ եւ անկաշկանդ հայացքով նայել իրար: Գուցե այդ դեպքում նրանք միմյանց մեջ տեսնեն բաներ, որոնք չեն տեսնում այժմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: