Wednesday, March 30, 2011

ԵՐԵՎԱՆՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՉԻ ՈՐՈՇԻ

Մեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանը
-Մովսես, շատերը գտնում են` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընդլայնումը նպաստում է Կովկասի անվտանգությանը, քանի որ ինչ-որ առումով երկրի ներսում ժողովրդավարական գործընթացն ավելի կարագանա: մենք խնդիր ունե՞նք այդ հարաբերությունների խորացման, ընդհուպ մինչև անդամակցություն:
-Ինձ համար մի քիչ անհասկանալի է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ խոսակցությունների ակտիվացումը, որովհետև նախ ՆԱՏՕ-ն իր ձևաչափով կարծես Հայաստանին չի համապատասխանում, երկրորդը` Հայաստանն իր խնդիրներով` տարածքային, քաղաքական և այլն, ՆԱՏՕ-ի տրամաբանության մեջ չի մտնում, որովհետև Ադրբեջանի, Թուրքիայի հետ կան տարածքային, քաղաքական, պատմական խնդիրներ: Մենք կիսապատերազմականվիճակում ենք, և այս դեպքում ի՞նչ խնդիր է լուծելու ՆԱՏՕ-ն Հայաստանում, հասկանալի չէ:

-Այն, ինչ ՆԱՏՕ-ն այսօր որոշել է Լիբիայում լուծել:
-Սա շատ լավ օրինակ է, և մի բանի վրա պետք է ուշադրություն դարձնենք: Վերջին 10-15 տարիների ընթացքում ակնհայտ երևաց, որ միջազգային կառույցների ճգնաժամ կա ամբողջ աշխարհում. Կոսովոյի, Վրաստանի, Լիբիայի օրինակներով պարզ է դառնում, որ միջազգային կառույցները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և այլն, որոնք ստեղծված էին ամրապնդելու պետությունների միջև կապերը և խաղաղություն հաստատելու աշխարհում, կան միջազգային խնդիրներ, որոնք չեն կարողանում լուծել, այդ լուծումները սիտուատիվ են, կոնցեպտուալ, հայեցակարգային չեն: Կարծում եմ` գնալով ավելի և ավելի է խորանալու միջազգային կառույցների ճգնաժամը, որովհետև գնալով էլ ավելի մեծ շահերի բախումներ են տեղի ունենալու: Եթե հիմա ներկա պատերազմը մեկնաբանում են որպես տնտեսական հիմքի վրա ընկած նավթի համար պատերազմ, ես կասեի, որ նավթն այստեղ երրորդական դեր է կատարում, կռիվը նավթի համար չէ, այլ սա 21-րդ դարի սկզբում ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է: Այսինքն` լայն իմաստով խոսքը գնում է ոչ թե նավթի, ոչ թե կրոնական պատերազմի, այլ արևմտյան և արևելյան աշխարհների միջև պատերազմի մասին, ընդ որում`պատերզամը գնում է ամբողջ աշխարհը նվաճելու համար: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ ՆԱՏՕ-ի նպատակներից մեկն է` պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքը: Խոսքը չի գնում ժողովրդի պաշտպանության մասին:

-Իսկ այս առումով արդյոք ճիշտ չէ՞ անդամակցելն այդ տեսակ անվտանգություն ձեռք բերելու համար:
-Այս պահին կարծում եմ`չենք կարող անդամակցել, որովհետև մենք Իրանի հետ պատմական, բարեկամական հեռանկարային կապեր ունենք, իսկ մենք գիտենք Իրանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Չեմ կարծում`այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելը օրակարգային հարց է, հատկապես որ այսօրվա քաղաքական համակարգը որոշումներ կայացնելիս միշտ հիշում է Ռուսաստանին, իսկ այդ դեպքում Հայաստանն ինքնուրույն որոշում կայացնել չի կարող, որովհետև մենք միգուցե ՆԱՏՕ-ին կանդամակցենք միայն այն բանից հետ, երբ Ռուսաստանն իր համաձայնությունը տա: Առհասարակ, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններն այսօր կարող են սահմանափակվել միայն հանդիպումներ, քննարկումներ, միգուցե զորավարժանքներ կազմակերպելով, բայց անդամակցության և Հայաստանի ինչ-ինչ խնդիրներ լուծելու հարցում ՆԱՏՕ-ն այսօր ասելիք չունի:

-Ըստ էության Ռուսաստանը մեզ թույլ չի՞ տալիս ավելի ընդլայնելու մեր դերը աշխարհում:
-Եթե աշխարհի հետ կապող օղակներից մեկը, եթե ոչ ամենամեծ օղակը Ռուսաստանն է, ուրեմն Հայաստանն էլ այս տրամաբանությամբ պետք է շարժվի, մենք ինքներս ենք մեզ կապել Ռուսաստանին: Եվ վերջերս Единая Россия կուսակցության երիտասարդական թևը հարաբերություններ հաստատեց հայաստանյան որոշ կուսակցությունների երիտասարդների հետ, ինչը անկախ այդ հարաբերությունների զարգացումներից` նշանակում է Ռուսաստանի հետ կապը սերնդափոխություն է ապրում: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը մեր փոխարեն չի որոշելու, ապա գոնե որոշումներ կայացնելիս մենք Ռուսաստանին հարցնելու ենք: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին:

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը:
-Չլինելով ՆԱՏՕ-ի անդամ` հարաբերությունները բավականին հետաքրքիր, հեռանկարային են, բայց չեմ կարծում, որ թե ՆԱՏՕ-ն և թե Հայաստանը օրակարգում ունեն անդամակցության հարց:

-Մենք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունենք: Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկներից բոլորը գրեթե ժողովրդավար են: Այս հարաբերությունները արդյոք խթան չեն կարող լինել ժողովրդավարության գործընթացների արագացմանը երկրում:
-Անկախ այն հանգամանքից`ում ենք ուզում անդամակցել կամ անդամակցում ենք, ժողովրդավարություն չունենք: Ցավոք սրտի, մեր պատմության մեջ այսպիսի հետաքրքիր օրինաչափություն կա. մեզ մոտ միշտ երկիրն է հռչակում իրեն այդպիսին, բայց ժողովուրդն այդպիսին չի դառնում, մեզ մոտ երկիրն ընդունեց քրիստոնեությունը, բայց ժողովուրդն այդպես էլ քրիստոնյա չարձավ, մեր երկիրը դարձավ Խորհրդային Սովետական, բայց մեր ժողովուրդը` քիչ չափով, երկիրն անկախացավ, դարձավ ազատ, իսկ ժողովուրդը չդարձավ ազատ և անկախ:

-Ինչ-որ առումով ստացվում է` պետությունն առա՞ջ է ընկել ժողովրդից իր զարգացման ճանապարհին:
-Այո, պետությունը հռչակեց իրեն ազատ, արդար, ժողովրդավար, հասարակությունը չդարձավ այդպիսին: Բայց ինչ իրավունք ունի պետությունը ժողովրդից առաջ ընկնելու, առավել ևս` ընկնելու ռոմանտիկ քաղաքականության դաշտ, այն դեպքում, երբ պետությունը կոչված է կոնկրետ սոցիալական պրոբլեմներ լուծելու:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: