Հակառակ Թուրքիայում եւ Եվրոպայում գործող ասորական կազմակերպությունների հակազդեցությանը

Միաժամանակ հայտնել էինք նաեւ այդ թեկնածուների անունները: Նրանք կընտրվեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, Մելքոն Կարաքյոսեն եւ Հերման Պալյանն արդեն պատգամավորության թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Առաջադրվելու խնդրանքով այդ կուսակցությանն են դիմել նաեւ ասորիներ Մարկոս Ուրեքն ու Էդիփ Դաղլիօղլուն:
Ի տարբերություն հայ թեկնածուների, որոնք նախընտրում են առաջադրվել Ստամբուլից, Ուրեքը որպես առաջադրման վայր ընտրել է երբեմնի ասորաբնակ Մարդինը, իսկ Դաղլիօղլունՙ Իսքենդերունը (նախկին Ալեքսանդրետի սանջակ), այսինքնՙ երկուսն էլ կառաջադրվեն իրենց ծննդավայրից:
Թուրքական «Զաման» թերթը, արծարծելով հայ եւ ասորի քաղաքացիների թեկնածու առաջադրվելու հարցը, մարտի 20-ի համարում տեղեկացրել էր, որ երկար տարիներ Ստամբուլում բնակվող Դաղլիօղլուն եղել է Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի անձնական դերձակը, իսկ Ուրեքը թեկնածությունը պաշտպանել են ասորական 17 միություններ, որոնք բարեխոսական նամակ են ուղարկել վարչապետ Էրդողանին:
Այդ ընթացքում Մարկոս Ուրեքը հաղորդագրություն է տարածել, մատնանշելով, որ իր թեկնածությունը պաշտպանում են համայն ասորիները, ասորական եկեղեցին եւ կազմակերպությունները: Ուրեքի այս հաղորդագրությանը բուռն հակազդեցությամբ արձագանքել են ասորիները, Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս, մասնավորապես Շվեդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում գործող ասորական կազմակերպությունները, որոնց պատասխան հաղորդագրությունը մարտի 28-ին հրապարակեց պոլսահայ «Հայթերթ» կայքէջը:
Պատասխան հաղորդագրության մեջ, որի տակ ստորագրել են ասորական 15 կազմակերպություններ, նշվում է, որ Ուրեքի թեկնածությունը ո՛չ ասորիներն են պաշտպանում, ո՛չ ասորական եկեղեցու առաջնորդարանները, ո՛չ էլ Թուրքիայում եւ Եվրոպայում գործող ասորական կազմակերպությունները, հետեւաբար նրա հաղորդագրությունը որեւէ առնչություն չունի իրականության հետ:
Ըստ պատասխան հաղորդագրության, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրվելու Ուրեքի նախաձեռնությունն անձնական է, ավելինՙ Թուրքիայում ասորիները երբեւէ այսքան վատթարագույն վիճակում չեն հայտնվել, որքան այս կուսակցության իշխանության օրոք, այդ իսկ պատճառով էլ իրենք ոչ միայն չեն պաշտպանում Ուրեքի թեկնածությունը, այլեւ ճիշտ չեն համարում նաեւ առաջադրվելը:
Հաղորդագրության մեջ միաժամանակ շարադրվել են այն հալածանքները, որոնց թիրախն են դարձել ասորիները Թուրքիայում եւ մատնանշվել է դրանց նկատմամբ վարչապետ Էրդողանի կուսակցության ցուցաբերած անտարբերությունը:
Ներկայումս Թուրքիայում ասորիների թիվը 8-10 հազար է, իսկ թուրքահայերինըՙ մոտ 60 հազար: Շուրջ 75-միլիոնանոց երկրում երկու համայնքներն էլ լինելով չափազանց փոքրաթիվ, քվեների առումով որեւէ առավելություն ընտրություններում ապահովել չեն կարող ոչ մի կուսակցությանը: Հետեւաբար այս կամ այն կուսակցության ցուցակներից հայ եւ ասորի քաղաքացիների առաջադրումը յուրատեսակ ազդանշան է ուղղված ոչ այնքան համապատասխան համայնքներին, որքան միջազգային հանրությանը, այինքնՙ արեւմտյան մեծ տերություններին:
Քանի որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալմանը զուգընթաց հնչում են նաեւ ասորիների ցեղասպանությունը նույնպես ճանաչելու կարծիքներ, որոնք Շվեդիայի գլխավորությամբ հետզհետե միջազգայնացվում են, ուստի եւ չի բացառվում, որ ընտրվելու դեպքում Մեջլիսի հայ եւ ասորի պատգամավորները հարկադրված լինեն ծառայել թուրքական ժխտողականության նպատակներին:
Բայց եւ այնպես, 1960-ի մայիսի 27-ի պետական հեղաշրջումից հետո թուրքական խորհրդարանը չի ունեցել գեթ մեկ թուրքահայ պատգամավոր: Այդ առումով վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը 50-ամյա ընդմիջումից հետո խորհրդարան մտնելու բացառիկ առիթ է ընձեռում հայ եւ ասորի թեկնածուներին: Այս առիթը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության քուրդ պատգամավորներն առավելագույնս օգտագործում են, ընդ որումՙ մեծ արդյունավետությամբ: Այդպիսի արդյունավետություն ակնկալել հայ եւ ասորի պատգամավորներից, իհարկե, անիմաստ լավատեսություն է, որովհետեւ Թուրքիայում քրդեր ոչ թե մեկ կամ մի քանի տասնյակ են, այլեւ բնակչության առնվազն 1/4-ն են կազմում: Բայց որ ցանկության դեպքում նրանք կարող են համայնքին հուզող խնդիրները գոնե խորհրդարանում բարձրացնել, կարծում ենք, միանգամայն հնարավոր է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
No comments:
Post a Comment