Wednesday, March 30, 2011

Հայազգի տնտեսագետը մերժեց Անկարային

«Tert.am», 30.03.11թ.: Հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն մերժել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցիչ նշանակվելու առաջարկը։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ես իմ կարիերայի հետ կապված որոշ ծրագրեր ունեմ, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի մտածել հետագա անելիքների մասին»,- Աջեմօղլուի՝ Դավութօղլուին ասած խոսքերը մեջբերում է «Հյուրրիյեթը»՝ ընդգծելով, որ հայազգի տնտեսագետը այդպիսով չընդունեց ամիսներ առաջ իրեն արված առաջարկը։
Դավութօղլուն հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով. «Նա ասաց, որ հետագայում հնարավոր է՝ խորհի արված առաջարկի մասին»։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Աջեմօղլուի նշանակման առնչությամբ խորհրդակցել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշենք, որ երեկ որոշ լրատվամիջոցների կողմից լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Անկարան պատրաստվում է Փարիզում Թուրքիայի դեսպան նշանակել Տարոն Աջեմօղլուին։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե դեսպանի, այլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնի մասին է։
Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներում բնակվող պոլսահայ տնտեսագետ Աջեմօղլուի նկատմամբ և ցանկանում է, որպեսզի նա կարևոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ։
Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Վերջերս Bloomberg հեռուստաալիքը հատուկ թողարկում էր պատրաստել հայազգի տնտեսագետի մասին, որի ժամանակ նշվել է, որ Տարոն Աջեմօղլուն հնարավոր է՝ մոտ ապագայում ստանա Նոբելյան մրցանակ։
Բացի այդ, Տարոն Աջեմօղլուն վերջերս տեղ էր զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։

No comments: