Wednesday, March 2, 2011

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ

«Լրագիր» 2-3-2011- Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը ռուսական որոշ լրատվամիջոցներում “հիասթափություն” է առաջացրել այն հաշվով, որ ԱՄՆ դեսպանի կոչերը` “ապստամբելու”, չեն իրականացվել:
Իսկապես, մարտի 1-ին Երեւանում տեղի չունեցավ դասական հեղափոխություն: Սակայն որոշակի իմաստով հեղափոխությունը կայացավ` առաջին անգամ ընդդիմությունը ժողովրդի անունից իշխանության առջեւ դրեց հստակ շարադրված պահանջներ եւ դրանց իրականացման ժամկետ: Առաջին անգամ ժողովուրդը հայտարարեց պետական որոշումներ կայացնելու գործում մասնակցելու իրավունքի մասին:
Որոշակիորեն, հեղափոխություն տեղի ունեցավ իշխանության գիտակցության մեջ, որը հապշտապ ինչ որ քայլեր է անում, արդեն չթաքցնելով, որ դա անում է հասարակության չնշման տակ: Իշխանության բազմամյա հոգեբանությունը, ըստ որի ամոթ է նույնիսկ հասարակական կարծիքը լսելը, եւ առանց ժողովրդի կողմ նայելու գործունեությունը, կոտրվել է: Եւ դա վերջին մի քանի ամիսների գլխավոր արդյունքն է:

Արաբական աշխարհում իրադարձությունները, ինչպես նաեւ հայաստանում հաճախակիացած բողոքի ակցիաները վկայում են, որ երբեւէ գալիս է նախկին քաղաքականության համար պատասխան տալու ժամանակը: Այդ պատճառով, ավելի անվտանգ է կիսել պատասխանատվությունը հասարակության հետ, որպեսզի հետո հասարակությունը պատճառ չունենա մեղադրելու համար:

Այս տեսակետից հատկանշական են գործընթացները, որոնք ներկայում տեղի են ունենում հայկական խորհրդարանում: ՀՅԴ պահանջով ստեղծվում է հանձնաժողով, որ ուսումնասիրելու է գազի գնագոյացման հարցը, որը կարող է “շոշափել” մինչ օրս անձեռնմխելի Հայռուսգազարդը:

Հետաքրքիր է նաեւ կառավարության նախաձեռնությունը, ըստ որի մրցակցային հանձնաժողովին տրվում են ավելի լայն լիազորություններ, ինչպես նաեւ մտադրությունը` պատժել սուբյեկտներին, որոնց ոլորտներում տեղի են ունենում 30 տոկոս թանկացումներ: Դա նշանակում է, որ մենատերերը պետք է սահմանափակեն իրենց ախորժակը:

Առանց հասարակական ճնշման այս քայլերը դժվար է պատկերացնել: Եւ ամենակարեւորը` հայաստանում գրեթե չի մնում ոլորտ, որ փակ լինի հասարակական քննարկումների համար: Ավտորիտար ոչ հրապարակային կառավարման վերջին “պատվարը”` բանակը, “ընկավ” անցյալ տարի, երբ հասարակությունը բարձրաձայն սկսեց խոսել բանակի խնդիրներից: Հերթում, ըստ ամենայնի, եկեղեցին է, եւ շուտով թերեւս կլինեն բուռն քննարկումներ այս թեմայով:

Հեղափոխությունն իսկապես կատարվեց: Հակառակ պարագայում, հայ չինովնիկներն անպայման իրենց դժգոհությունը կհայտնեին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի դասախոսության կապակցությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ ոք պաշտոնապես նրան չմեղադրեց Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Այն պատճառով, որ դա կարող էր ընկալվել որպես ժողովրդավարացմանը դիմադրելու փորձ:

Իսկ ներկայում ժողովրդավարացումը դարձել է իշխանության միակ փրկությունը: Իշխանությունը սկսում է հասկանալ, որ հասարակական կարծիքին ունկնդիր լինելը, նույնիսկ եթե դա “զոհեր” է պահանջում, ավելի անվտանգ է, քան դիմադրելը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: