Saturday, April 2, 2011

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ

«ԱԶԳ», 02-04-2011-Ստեփանակերտի օդանավակայանը կգործի: Ավելի ճիշտ` կվերագործարկվի: Քանի որ Արցախի մայրաքաղաքը նախկինում էլ օդանավակայան ուներ: Այն ավերվել է 1992թ. փետրվարին: Մենք չենք չէ, որ սա ասում ենք: Որոնեք համացանցում «Ալիֆ Հաջիեւ» եւ կկարդաք, որ «Խոջալուի զինվորական պարետ Ալիֆ Հաջիեւը ոչնչացրել է օդանավակայանի դիսպետչերական կետը, որպեսզի զինվորական գաղտնիք պարունակող փաստաթղթերը չընկնեն հակառակորդի ձեռքը»: Իսկ օժանդակ շենքերն ու շինությունները, թռիչքուղին բարբարոսաբար քանդվել էին ավելի վաղ:
Այսօր ամեն ինչ վերականգնված է: Անշուշտ` նորովի: Օդանավակայանը պատրաստվում է ընդունել առաջին թռիչքը: Այս իրավիճակում միակ արտառոցն այն է, որ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում կարողանում են ոչ միայն օրախնդիր հարցեր լուծել, այլեւ ժամանակակից օդանավակայան կառուցել: Որպեսզի արտաքին աշխարհի հետ մի հուսալի կապ էլ ունենանք:
Ըստ էության, հենց դա է, որ հավասարակշռությունից հանել է Ադրբեջանի իշխանություններին: Դա ակնհայտ է: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն սեփական հպատակներին զօրուգիշեր «համոզում է», որ ԼՂ-ում «մարդիկ ապրում են կիսաքաղց», որ «նրանք, ահա-ահա հարուստ Ադրբեջանը կգերադասեն աղքատ Հայաստանից»: Եվ նման այլ «ճշմարտություններ»:
Ու հանկարծ «պարզ երկնքում ամպրոպ է ճայթում». հասարակությանը հայտնի է դառնում, որ իրականում ԼՂ-ն պատրաստվում է օդանավակայան շահագործել: Իսկ դա բավական է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իշխանություններն իրենց խաբել եւ շարունակում են խաբել:
Ի՞նչ է մնում իշխանություններին, եթե ոչ հոխորտալ, որ «առաջին իսկ օդանավը կխփվի»: Բայց այս դեպքում էլ նրանց ոգեւորությանը սառը ջուր է լցնում Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը: Նրան միանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այսինքն` միջազգային հանրությունը Բաքվին հասկացնում է, որ «խաղեր տալու» կարիք չկա. օդանավակայանը կառուցվել է եւ պետք է գործի: Մյուս բոլոր հարցերի շուրջը կարելի է գալ պայմանավորվածությունների:
Ահա եւ ստացվում է, որ, ինչպես այլ հարցերում, այս դեպքում էլ ադրբեջանական կողմի «փաստարկները», մեղմ ասած, միջազգային հանրությանը չեն համոզում: Ի՞նչ կապ ունի խնդրի չկարգավորվածությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի հետ: Չինաստանն էլ խնդիրներ ունի Հոնկոնգի հետ: Բայց դա չի խանգարում, որ վերջինս ազատ տնտեսական եւ կոմունիկացիոն կապեր ունենա բազմաթիվ երկրների հետ: Նաեւ` մայրցամաքային Չինաստանի, որի մի մասն է համարվում:
Ցանկության դեպքում այլ օրինակներ նույնպես կարելի է վկայակոչել: Ամենադիպուկը, թերեւս, Նախիջեւանի պարագան է: Չէ՞ որ դեպի Նախիջեւան թռիչքներ իրականացնելիս նույն Ադրբեջանն օգտվում է Հայաստանի օդային տարածքից: «Եթե Հայաստանը փակի իր օդային տարածքը, ապա մենք Նախիջեւան կթռչենք Իրանի օդային տարածքով», բարձրակոչ հայտարարել է ադրբեջանցի մի պաշտոնյա:
Իսկ ինչո՞ւ բանը հասցնել դրան: Մանավանդ որ Լեռնային Ղարաբաղը բնավ էլ Նախիջեւան չէ, այլ` անկախ պետություն, որ լիովին վերահսկում է իր ցամաքային եւ օդային սահմանները: Եվ սադրանքի դեպքում իրավասու է ձեռնարկել համարժեք քայլեր:
Թվում է, սակայն, որ ադրբեջանական կողմը պարզապես աղմուկ է բարձրացրել, որպեսզի ԼՂ-ի հետ օդային հաղորդակցություն հաստատելու հավանական ցանկություն ունեցող ավիաընկերություններն զգուշանան եւ չդիմեն ռիսկի: Այդ դեպքում Բաքվի իշխանություններին կհաջողվի «դեմք փրկել»: Նրանք հպատակներին կասեն. «Ոչ մի օտարերկրյա ավիաընկերություն դեպի ԼՂ թռիչքներ չի կազմակերպում, ուրեմն բոլորը ճանաչում են մեր «տարածքային ամբողջականությունը», անհանգստանալու առիթ չկա»:
Սա է «ղալմաղալի» իմաստը: Այս նպատակին է հետամուտ Իլհամ Ալիեւի նախագահական «մեծությունը»: Եվ դրա համար է, որ Բաքվում «գործի են գցել» նույնիսկ «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովին: Որպեսզի սա էլ «ղջի տա», թե` «ոչինչ, թող կառուցեն եւ շահագործեն, մեզ համար են անում, շուտով մենք կվերադառնանք Ղարաբաղ եւ կօգտվենք այդ օդանավակայանից»:

Մենք, իհարկե, «բայրամով» չենք, որպեսզի ասենք` «ախորժակիդ` քացախ»: Ընդամենը շատ հաճելի կլիներ, եթե Բայրամ Սաֆարովը, թողնելով Բաքվի «Շուշա» անվանված գիշերային ակումբի «դռնապանի պաշտոնը», որոշեր դառնալ դեպի Ստեփանակերտ հերթական չվերթի ուղեւոր: ԼՂՀ իշխանությունները, կարծում եմ, մեծահոգաբար կներեին նրան` որպես «մոլորյալ ոչխարի»:

Դա, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ Բայրամ Սաֆարովի միակ ճիշտ ընտրությունը: Հակառակ դեպքում նա դատապարտված է ընդմիշտ ողջախոհության սահմանից անդին ապրելու տառապանքին: Կամ` հաճույքին: Դա արդեն իր ընտրության հարցն է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: