Friday, April 15, 2011

ՄԵԾ ԵՂԲՈՐ ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄԸ

«Լրագիր» 15-5-2011- Ռուսաստանում կարծես թե բավական սուր է իշխանության համար պայքարը: Վլադիմիր Պուտինը բավական հավակնոտ հայտարարություններ է անում 2012 թվականի նախագահության համար: Օրերս նա հայտարարել էր, որ նախագահի ընտրությանը կարող են մասնակցել թե ինքը, թե Մեդվեդեւը: Ընդ որում, Պուտինը հայտարարել էր, որ այդ առիթով հայտարարությունների հարցում շտապել եւ իշխանական համակարգին սխալ ազդակներ հաղորդել պետք չէ: Դրանից ժամեր անց էլ հայտարարությամբ էր հանդես եկել Եդինայա Ռոսիա կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալը, ով հայտարարել էր, որ իրենց կուսակցության համար Պուտինը նախագահի առաջնային թեկնածու է:
Ըստ երեւույթին, Մեդվեդեւի համար լինելու է շատ դժվար: Բայց թերեւս ամենից դժվարը լինելու է Հայաստանի քաղաքական եւ իշխանական դաշտի համար, որտեղ, ինչպես հայտնի է, գրեթե բոլորի հայացքը ուղղված է Ռուսաստանին: Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա հիմնական դերակատար գեթ մի ուժ, որն իր գործողությունները պլանավորելիս ելակետային չհամարի Ռուսաստանի իշխանությունում առկա ստատուս-քվոն եւ Հայաստանում առկա ստատուս-քվոյի վերաբերյալ Ռուսաստանի իշխանության դիրքորոշումը:

Հայաստանի իշխանության պարագայում այդօրինակ վարքագծի մասին խոսելը կարծես թե ընդհանրապես ավելորդ է: Ինչ վերաբերում է քաղաքական մյուս հիմնական դերակատարին` Հայ ազգային կոնգրեսին, ապա Կոնգրեսը իր գործունեության ընթացքում մի քանի անգամ, թեկուզ Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայի համատեքստում, ակնհայտ ռեվերանսներ է փորձել անել Ռուսաստանի ուղղությամբ: Անշուշտ, այստեղ խնդիրն այն չէ, որ Կոնգրեսը ռուսամետ կողմնորոշում ունի: Ավելին, զուտ արժեքային կողմնորոշման իմաստով Կոնգրեսը կարող է նույնիսկ լինել վառ արտահայտված արեւմտամետ շարժում: Բայց մի բան է արժեքային կողմնորոշումը, մեկ այլ բան քաղաքական նպատակահարմարությունից ելած քաղաքական կողմնորոշումը: Իսկ Կոնգրեսի պրոռուսական քաղաքական կողմնորոշումը կարծես թե ակնհայտ է:

Անգամ Ժառանգություն կուսակցությունը, որն ունի “ամերիկյան” ընկալում, իր դրսեւորումներում կարծես թե չի գնում Ռուսաստանի հանդեպ ակնհայտ ընդդիմության: Օրինակ, քննադատելով հայ-ռուսական ռազմակայանին համաձայնագիրը, Ժառանգությունն այդուհանդերձ փորձեց հնարավորինս մեղմել այդ քննադատությունն իր առաջ քաշած երեք հարցերով, հայտարարելով, թե վերջնական դիրքորոշում կարտահայտի այդ հարցերի պատասխանն իշխանությունից ստանալուց հետո միայն: Ի վերջո, պետք չէ ուշադրությունից բաց թողնել նաեւ հանգամանքը, որ Ժառանգության վարչության փոխնախագահ դարձավ մի մարդ, ով տարիներ շարունակ Հայաստանից դիվանագետ է աշխատել Ռուսաստանում` Ռուբեն Հակոբյանը:

Նաեւ արժե թերեւս ուշադրություն դարձնել Տիգրան Կարապետյանի եւ Ժառանգության միջեւ սկսած շփումներին, նկատի ունենալով, որ Տիգրան Կարապետյանը հանդես է գալիս պրոռուսական դիրքերից: Իհարկե, նա օրինակ հայտարարում է, թե իր եւ Ժառանգության գործակցությունը կապահովի ռուս-ամերիկյան շահի հավասարակշռված ներկայություն Հայաստանում, բայց ինքնին հասկանալի է, որ պրակտիկ, իրական քաղաքականության շրջանակում դա գրեթե անհեռանկար եւ անհնար իրողություն է, այն պարագայում, երբ բավականին սրվում է թե աշխարհաքաղաքական մրցակցությունը, թե Ռուսաստանում ներիշխանական մրցակցությունը:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այդ կուսակցության երիտասարդները վերջերս Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել ռուս-թուրքական կապի դեմ, մասնավորապես հիշելով Մոսկվայի պայմանագիրը եւ այդ պայմանագրի 90-ամյակի օրերին Էրդողանին հյուրընկալելու հանգամանքը: Բայց, օրինակ, դժվար է հիշել, թե Դաշնակցությունն առավել պրակտիկ քաղաքական անցուդարձի մակարդակով ինչպիսի բողոքի ցույցեր է արել այս կամ այն հարցում Հայաստանի եւ հայկական շահի հանդեպ Ռուսաստանի ներկայիս քաղաքականության դեմ:

Այդ քաղաքականության դեմ դրվագային հայտարարություններ, պատմա-բարոյա-խրատական դրսեւորումներ Հայաստանի քաղաքական ուժերը դրսեւորում են, սակայն նրանցից որեւէ մեկն իր քաղաքական վարքագծում հանդես չի գալիս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության վերանայման հայեցակարգային, հիմնարար մոտեցումներով, գործնական նախաձեռնություններով: Այդ հարցը որեւէ ուժ չի դարձնում քաղաքական օրակարգի առաջին տասնյակի գոնե երկրորդ կեսի հարց:

Ռուսաստանի գերիշխանությունն ընդունված եւ լեգիտիմ իրողություն է Հայաստանի քաղաքական դաշտում, ինչի բացատրությունը թերեւս այն է, որ մեծ հաշվով, ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտը, բնականաբար ներառյալ նաեւ իշխանությունը, լեգիտիմ չէ Հայաստանի պետական, քաղաքացիական եւ ազգային շահի ամբողջական, համալիր կառուցվածքի տեսանկյունից: Հայաստանի քաղաքական հիմնական դերակատարները այդ կառուցվածքը սպասարկում են դրվագներով` գլխավոր ռեժիսոր ճանաչելով Ռուսաստանին:

Եթե քաղաքական ուժերը, դեկլարատիվ հայտարարությունների քողի տակ, իրական քաղաքականության շրջանակում պատրաստ չեն գլխավոր ռեժիսոր ճանաչել հասարակությանը, ապա մնում է այդ ռեժիսորին փնտրել արտերկրում: Իսկ քանի որ Հայաստանի պարագայում ռեժիսորը կա արդեն ավելի քան 300 տարի, ապա բնականաբար քաղաքական դաշտն ընտրությունը կատարում է ինքնաբերաբար, եթե անգամ հոգու խորքում դեմ է այդ ընտրությանը եւ կուզեր այլ ռեժիսոր ունենալ:

Մեծ հաշվով, ժողովրդից բացի, որեւէ այլ ռեժիսորի պարագայում արդյունքը լինելու էր նույնը, հետեւաբար այստեղ խնդիրը Ռուսաստանին Ամերիկայով, կամ Եվրոպայով փոխարինելը չէ, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքում ինքնավարության նվազագույն շեմ սահմանելն ու այդ շեմը պաշտպանելն է, որ մեզ համար օրինակ Պուտին, թե Մեդվեդեւ հարցը լինի կարեւոր, բայց չլինի վճռորոշ եւ ճակատագրական:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: