Sunday, April 3, 2011

Ազատության հրապարակում մտավորականներն անցկացրին «լռության ծոմ», աշակերտները` համերգ

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ երեք մտավորականի բողոքի ակցիան` «Ծոմ լռության»: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և գիտնական Անահիտ Տոնոյանը նստացույց անցկացրին ժամը 17-22-ը:
Երեք մտավորականները չէին պատասխանում իրենց ուղղվող հարցերին, նրանց փոխարեն խոսում էր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկար ժամանակ տարբեր ձևերով ասվել են բազմաթիվ խոսքեր, բայց մնացել անարդյունք, և մտավորականները հիմա որոշել են իրենց բողոքն արտահայտել «լռության ծոմով»: «Եթե կինը կարող է լռել, ուրեմն դա չպիտի անարդյունք մնա»,- ասաց Բարխուդարյանը:
Նա տեղեկացրեց, որ այսուհետ ամեն օր երեք մտավորական այստեղ լռության ծոմ է պահելու ժամը 17-ից մինչև 22-ը: Ովքեր են պատրաստակամություն հայտնել մասնակցել այս ակցիային հարցին նա պատասխանեց` շատերը, բայց անունները նշել պետք չէ: Ցուցակում, ի դեպ, արդեն կար հինգ անուն:
Ազատության հրապարակում բողոքի ցույցին զուգահեռ բարձր հնչում էր երաժշտություն. բեմում երգում ու պարում էին երկու աշակերտուհի` հանդես գալով հայկական և արտասահմանյան փոփ երաժշտության տարբեր կատարումներով: Tert.am-ի թղթակցին համերգի կազմակերպիչ, Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Օնիկ Ավագյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ իրականացվող «Ձմեռ-գարուն» համերգաշարի շրջանակում ամեն օր ժամը 15-ից մինչև 18-19-ը համերգ է կազմակերպում մեկ կամ երկու վարչական շրջանի համապատասխան բաժինը (այսօրվա համերգը սկսվեց 16:15 և ավարտվեց 17:50): Բեմից ոչ շատ հեռու բասկետբոլ էին խաղում մի խումբ երեխաներ և Արաբկիրի բասկետբոլի թիմը:

No comments: