Friday, April 1, 2011

Անկարան դեմ է Լիբիայում ապստամբներին զինելու առաջարկին. Էրդողան

Tert.am. 1-4-2011- Անկարան չի սատարում Լիբիայում ապստամբներին զինելու առաջարկին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը, Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Չպետք է թույլ տալ՝ ՆԱՏՕ–ի լիբիական գործողությունը նմանվի Աղֆանստանին։ Իսկ ինչ վերաբերում է Կադաֆիի ընդդիմադիրներին զինելու առաջարկներին, ապա մենք դրանց բացասաբար ենք վերաբերվում։ Նման քայլերը կարող են պարարտ հող նախապատրաստել ահաբեկչության համար, որը շատ վտանգավոր է»,– հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ Կադաֆիի հակառակորդներին զենք մատակարարելու առաջարկը քննարկվել էր Լոնդոնում մարտի 29–ին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։ Լիբիայի իրադրությանը նվիրված այդ կոնֆերանսում նման առաջակով հանդես էր եկել Ֆրանսիան։ Սակայն որոշ ժամանակ անց Փարիզը հրաժարվել էր այդ առաջարկությունից՝ համարելով, որ դա ՄԱԿ–ի ԱԽ բանաձևի շրջանակից դուրս է։
Ավելի վաղ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հայտարարել էին, թե ապստամբներին զենքի մատակարարումը տեղավորվում է ՄԱԿ–ի մանդատի շրջանակում։

No comments: