Monday, April 4, 2011

Բաքվում ցրել են ընդդիմության ցույցը

Tert.am. 3-4-2011- Ադրբեջանի ոստիկանությունը երեկ ուժ է գործադրել Բաքվի կենտրոնում ընդդիմության չարտոնված ցույցը ցրելու համար: Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ընդդիմությունը, արաբական երկրները համակած զանգվածային հուզումների ազդեցության տակ, իշխանություններից ժողովրդավարական բարեփոխումներ է պահանջում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ շուրջ 300 ընդդիմադիր ակտիվիստ Բաքվի Շատրվանների հրապարակում հավաքվելուց հետո երթով անցել է մայրաքաղաքի փողոցներով և հանդիպել մահակներով զինված ոստիկաններին, որոնք և ցրել են ցույցը:
Ցուցարարները փողոց էին դուրս եկել «Իլհամ հեռացի´ր», «Մենք ազատություն ենք ցանկանում» կարգախոսներով պաստառներով:
Ադրբեջանի ոստիկանության տվյալներով՝ 75 հոգի է ձերբակալվել, սակայն ընդդիմության ղեկավարները պնդում են, որ ձերբակալվածների թիվը հասնում է 200-ի:
Associated Press գործակալությանը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն ասել է, որ Ադրբեջանում արմատական փոփոխություններն անխուսափելի են: Նա նշել է, որ բողոքի ցույցերը շարունակվելու են և հաջորդ ցույցը լինելու է ապրիլի 9-ին:
Իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության ներակայացուցիչ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին էլ ասել է, թե ժողովուրդն արմատականներին չի աջակցում: «Այս օրը ցույց տվեց արմատականների լիակատար ձախողումը»,- «Ֆրանսպրեսին» ասել է պատգամավորը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ընդդիմության ցույցի ցրումը: Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Դալհեյզենն ասել է, թե Ադրբեջանի կառավարությունը չի կարող ճշմարտացիորեն խոսել երկրի ժողովրդավարական զարգացման մասին, երբ պարբերաբար ճնշում է սոցիալական շարժումներն ու քաղաքական հավաքները, որոնք չեն արժանանում նրա հավանությանը:
Նախքան ցույցը՝ երեկ առավոտյան ոստիկանությունը Բաքվում ևս 15 ցուցարարների էր ձերբակալել:

No comments: