Friday, April 15, 2011

ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ

«Լրագիր» 15-4-2011- Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում խոսում է քաղաքական ու տնտեսական համակարգը բարեփոխելու մասին: Նշվում է, մասնավորապես, որ հաջորդ խորհրդարանում գործարարների թիվը պետք է ավելի քիչ լինի, որպեսզի լուծվի բիզնեսի ու իշխանության սերտաճման կարեւորագույն խնդիրը:
Խոսքը խոսք, սակայն պետք է լինեն քայլեր, որպեսզի հասարակությունը հավատա խոսքին: Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, կարող են կատարել քայլեր, որոնք հասարակության մոտ գուցե առաջացնեն բարեփոխումների հանդեպ վստահություն:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը կարող է նման քայլ կատարել, իր եղբորը` խոշոր գործարար եւ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, համոզելով վայր դնել մանդատը: Բոլորն էլ հասկանում են, թե ինչու եւ ինչպես է նա հայտնվել խորհրդարանում: Դժվար է հիշել դեպք, թերեւս այդպիսին չկա էլ, որ Սաշիկ Սարգսյանն իր պատգամավորական “գործունեության” ժամանակաշրջանում հանդես եկած լինի որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկով, կամ որեւէ բանով, որ պարտավոր է կատարել պատգամավորը, բացի նիստերին հաճախելուց: Թեեւ, դժվար է ասել, թե Սաշիկ Սարգսյանը քանի անգամ է հաճախել խորհրդարան:

Փոխարենը, Սաշիկ Սարգսյանն իր դիրքը` նախագահի եղբայր եւ պատգամավոր, օգտագործում է սեփական բիզնեսի համար: Սակայն, այս ոլորտում էլ չի ստացվում անաղմուկ անել որեւէ բան: Օրինակ, մամուլը գրել է նրա ամերիկյան “բիզնեսների”, ոչխարի արտահանումների եւ այլնի մասին, տարբեր աղմկոտ պատմությունների մասին, որոնց կենտրոնում եղել է Սաշիկ Սարգսյանը:

Քանի դեռ նա խորհրդարանում է, ոչ ոք չի հավատա իշխանության մտադրություններին: Այդ թվում եւ գործարար-պատգամավորները, որոնք կարող են պարզ հարց տալ` իսկ ինչո՞ւ հենց իրենք: Այնպես որ, իշխանությունը պետք է սկսի ոչ թե պարզապես “իրենից”, այլ հենց առաջին հերթին իրենից, իր մերձավորներից:

No comments: