Friday, April 15, 2011

Մեհմեթ Բիչիջի. Օսմանցի հայերը գյուղերում աղա, քաղաքում հարուստ գործարար, իսկ մայրաքաղաքում փաշաներ էին

Panorama.am. 15-4-2011- Թուրքիայի Գազիայնթափ համալսարանում կազմակերպվել է «Հայերը` անցյալից մինչև հիմա և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով համաժողով, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև 1915-ի ցեղասպան իրադարձություններին:
Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:
Կոնֆերանսի գլխավոր բանախոս Մեհմեթ Բիչիջին իր ելույթում նշել է, որ օսմանյան ժամանակաշրջանի պաշտոնական մարդահամարի տվյալներով` 1914թ. կայսրության բնակչության ընդհանուր թիվը կազմել է 15 մլն, որից 1մլն 700 հազարը հույներ, իսկ 1մլն 294 հազարը հայեր են եղել: Բիչիջիի խոսքով` կայսրության քրիստոնյա բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրել, քան թուրքերը:
«Օսմանցի հայերը գյուղերում աղա, քաղաքում հարուստ գործարարներ էին: Մայրաքաղաքում` փաշաներ էին... Օտարերկրյա հյուպատոսները նրանց լսում էին, նրանց թիկունքին էին կանգնում»,- ասել է Բիչիջին` ընդգծելով, որ այդչափ պաշտպանված ու ապահով են եղել կայսրության քրիստոնյաները ու հատկապես հայերը:

Օսմանյան իշխանությունների հոգատարությա՞ն թե ջարդարարության արդյունքում էր, որ քրիստոնյա բնակչության թիվը հետագա տասնամյակների ընթացքում շեշտակիորեն նվազեց: Ավելորդ չէ հիշել գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի 2008-ին հրապարակած «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գրքում մատնանշված այն իրողությունը, որ 1914 թվականի օսմանյան մարդահամարի համաձայն` կայսրությունում ապրում էին 4 միլիոն հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ և այլ ոչ մուսուլմաններ: Իսկ 95 տարի անց արդեն Թուրքիայում մնացել է ընդամենը 100.000 քրիստոնյա:

No comments: