Saturday, April 2, 2011

ՄԻ ՓՈՔՐ ՏՐԱՄԱԲԱՆԵԼԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ

«ԱԶԳ», 02-04-2011- Հերթական անգամ նշվեց «ադրբեջանցիների ցեղասպանության հերթական տարեդարձը»: Այն 1998թ. սահմանվել է Հեյդար Ալիեւի նախագահական հրամանագրով` ի նշանավորումն 1918թ. մարտին Բաքվում տեղի ունեցած քաղաքացիական ընդհարումների 80-ամյակի:
Ի՞նչն էր ստիպել, որ նախկին կուսակցական գործիչը, որ նախկինում հազար անգամ խոսել էր նույն դեպքերի մասին, բայց` պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից, եւ փառաբանել Բաքվի կոմունան ու Ստեփան Շահումյանին, հանկարծ նման կտրուկ շրջադարձ կատարի եւ այդ իրադարձությունները որակի «ադրբեջանցիների ցեղասպանություն»:
Տրամաբանության մեջ կարծես չի տեղավորվում, որ մի ժողովուրդ, որքան էլ ուժեղ լիներ խորհրդային գաղափարախոսությունը, տասնամյակներ ի վեր լռեր իր «մեծ ողբերգության» մասին: Ոչ միայն լռեր, այլեւ պանծացներ իր «դահիճներին» եւ միայն նախագահական հրամանագրով սկսեր նշել «սեփական ողբերգության հերթական տարելիցը»:
Բայց դա այդպես է: Իսկ գաղտնիքն օրերս բացահայտեց պատմաբան Ջամալ Հասանլին. «Ինչո՞ւ չընդօրինակել հայերին եւ Բաքվում չկառուցել «ցեղասպանության թանգարան»: Մենք ունենք փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն միջազգային հանրությանը»:
Տեսնո՞ւմ եք` «ընդօրինակել հայերին»: Այսինքն, եթե հայերն ունեն Ցեղասպանության զոհերի հուշարձան, ապա ադրբեջանցիներն էլ պետք է «ցեղասպանության թանգարան» ունենան: Որպեսզի Բաքու այցելող օտար պետությունների ղեկավարներն ու քաղաքական գործիչներն այցելեն, դիտեն «ցուցանմուշներն» ու այցելուների մատյանում գրառում կատարեն:

Նույն խնդիրը շոշափել է նաեւ պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին` ավելացնելով, որ «ադրբեջանական իշխանությունները զարմանալիորեն չեն արձագանքում «ցեղասպանության թանգարան» կառուցելու պահանջին»:

Սա երեւի այն հազվագյուտ դեպքերից է, երբ իշխանությունները ճիշտ են վարվում: Այլ բան է նախագահական հրամանագրով «ցեղասպանության օր» սահմանել, այլ` «ցեղասպանության թանգարան» կառուցել: Քանի որ այդ «թանգարանում» ինչ-որ բան հարկ կլինի ցուցադրել եւ դեռ այցելուներին էլ ինչ-որ բան ասել, բացատրել:

Կովկասի պատմությանը գուցե ադրբեջանցի ներկա սերունդը տեղյակ չէ: Բայց աշխարհում գիտեն, թե իրականում ինչ է կատարվել Բաքվում 1918թ. մարտ ամսվա վերջին օրերին: Գիտեն, որ Կովկասի այդ քաղաքում գործում էր բոլշեւիկյան Ռուսաստանին հավատարիմ իշխանություն, որի դեմ զինված ապստամբություն էր բարձրացրել մուսավաթական կուսակցությունը: Եվ այդ քաղաքացիական ընդհարումների ժամանակ էլ զոհվել են նաեւ խաղաղ մարդիկ:

Եվ, որքան էլ ադրբեջանական քարոզչությունը ճիգ թափի, անհնար է ապացուցել, որ դա «հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն» էր: Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Բաքվում տվյալ պահին գործող իշխանությունը ոչ թե հայկական էր, այլ` բոլշեւիկյան: Եվ եթե այդ իշխանությունը նույնիսկ «տասնյակ հազարավոր խաղաղ ադրբեջանցիների է սպանել», ապա հայ ժողովուրդը դրա համար պատասխանատու չէ, քանի որ Բաքվի կոմունան հայ ժողովրդի իշխանությունը չէր, այլ` Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության: Անկախ նրանից, որ կոմունան գլխավորել է Ստեփան Շահումյանը, եւ կառավարության անդամների մի մասն էլ ազգությամբ հայեր էին:

Ցեղասպանությունը պետության կողմից կազմակերպվող եւ իրականացվող հանցագործություն է: Իսկ 1918թ. մարտին հայ ժողովուրդը պետություն չուներ ոչ միայն Բաքվում, այլեւ նույնիսկ Երեւանում: Այդ նույն ժամանակ հայ ժողովուրդը կենաց-մահու պատերազմի մեջ էր Օսմանյան Թուրքիայի հետ եւ սեփական գոյությունը փրկելու խնդիրն էր լուծում: Այլ ժողովրդի «ցեղասպանելու» կամ նրա «հայրենիքին տիրանալու» ոչ ժամանակ, ոչ հնարավորություն նա չուներ, քանի որ կորցրել էր իր հայրենիքի մեծագույն մասն ու վերջին ճիգով հազիվ իրեն էր ապահովագրում կատարյալ հայրենազրկումից եւ իսպառ բնաջնջումից:

Արեւելյան Անդրկովկասի ներկա քաղաքական քարտեզը վկայությունն է այն իրողության, թե ով ում է հայրենազրկել, ով է ում ենթարկել ցեղասպանության: Եթե հայերն ադրբեջանցիներին «ցեղասպանած» լինեին, ապա հայրենիք չէին կորցնի նույն այն տարածքներում, որտեղ հետագայում ստեղծվել է Ադրբեջան պետությունը:

Մի քիչ տրամաբանելը չէր խանգարի, որ խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուսատամխանլին հասկանար, թե ինչո՞ւ իր երկրի իշխանությունները Բաքվում «ցեղասպանության թանգարան» չեն կառուցում:


ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: