Sunday, April 3, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են առաջիկայում այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են առաջիկայում ժամանել տարածաշրջան: Այս մասին Trend գործակալությանն այսօր` ապրիլի 2-ին հաղորդել են ԵԱՀԿ մամլո գրասենյակից:
Միջնորդները կշարունակեն քննարկումները հիմնարար սկզբունքերի հիման վրա` հենվելով «Սոչիում տեղի ունեցած հանդիպման դրական ազդակի վրա»:
Կքննարկվեն նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության վերաբերյալ Սոչիում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցառումները, նշել են մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում ընդգծվում էր կողմերի ձգտումը` «բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ շփման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

No comments: