Sunday, April 3, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Լրագիր» 2-4-2011- Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար շավարշ Քոչարյանը, Հայլուր լրատվական ծրագրում պատասխանելով Ղարաբաղի կարգավորման գործընթացում հետագա քայլերի մասին հարցին, ասել է.
- Գիտեք, այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ առաջընթացը պայմանավորված է նրանով, որպեսզի կողմերը պատրաստ լինեն կառուցողական երկխոսության: Հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, առավելագույնը արել են այդ փոխզիջումային տարբերակով գնալու համար: Ես կարող եմ շատ կարճ թվարկել: Առաջինը, շատ արդարացի կլիներ, եթե բանակցություններից առաջ Ադրբեջանը վերադարձներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իր կողմից օկուպացված տարածքները:
Ի դեպ, անդրադառնալով Ձեր նախորդ հարցին՝ նշեմ, որ սպասվում է նաեւ նմանատիպ դաշտային առաքելություն նաեւ այդ տարածքներում եւ դա հավաստիացրել են նաեւ համանախագահները: Այսինքն Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում:
Հաջորդը՝ շատ արդարացի կլիներ, եթե Ադրբեջանը վերադարձներ այդ տարածքները, եւ դա կլինի որոշակի ցուցանիշ-ապացույց, որ Բաքուն այլեւս չի փորձելու հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Բաքվի իշխանությունների դեմքը փրկելու համար միջնորդներն առաջարկեցին այսպես կոչված հետաձգված հանրաքվեն, որի արդյունքները պարտադիր են բոլոր կողմերի համար: Վերջապես, ես հիշեցնեմ, հարաբերականորեն վերջերս, Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք առաջ շարժվելու երեք սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Իսկ ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը: Նա անընդհատ խոսում է ուժի կիրառման մասին, որն ամենեւին հայկական կողմերին չի վախեցնում, երկրորդը նա շատ յուրովի է մեկնաբանում ազգերի ինքնորոշումը՝ պատկերացնում է Ղարաբաղը միայն իր կազմում եւ երրորդը, տարածքային ամբողջականությունը ընդունում է, բայց իր յուրովի մեկնաբանությամբ: Այդպես առաջ շարժվել չի կարելի: Եթե ավելացնեմ եւս մեկ հանգամանք, դա հետեւյալն է, որ Բաքուն անընդհատ փորձում է վարկաբեկել Մինսկի խմբին եւ հարցը տեղափոխել այլ ատյաններ, ապա ակնհայտ է դառնում, որ հեռանկարը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը եւս դրսեւորի կառուցողական մոտեցում այս հարցում:

No comments: