Friday, April 15, 2011

Ադրբեջանը Մեծամորի ԱԷԿ–ը փակելու վերաբերյալ պաշտոնական դիմում կուղարկի ԵՄ և ԱԷՄԳ

Tert.am. 14-4-2011- Ադրբեջանը Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ պաշտոնական դիմում կուղարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Եվրամիություն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news.az կայքը։
Հայաստանի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեությունը դադարեցնելու համար համապատասխան դիմումն այժմ պատրաստվում է։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը գործակալության հետ զրույցում ասել է, թե Վրաստանը և Թուրքիան ևս պաշտպանում են այդ դիմումը։ «Երկրի համապատասխան գերատեսչությունները և հաստատությունները շրջակա միջավայրի վրա ատոմակայանի գործունեության ազդեցության մասին տեղեկություն են հավաքում։ Այսօր այդ հարցը քննարկվում է նաև Թուրքիայում և Վրաստանում»,–ասել է Ղարիբովը։
«Կարծում եմ, որ համատեղ մի շարք քննարկումներից հետո մենք ընդհանուր հայտարարի կգանք։ Հույս ունենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Եվրամիությունը ևս Ադրբեջանին կաջակցեն այդ հարցում»– հայտարարել է Ղարիբովը։

No comments: