Sunday, April 10, 2011

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

 Աշխատանքային այցով Կիեւում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարներին ընդունեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նախարարների խորհուրդն աշխատանքները սկսեց նախ նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող շուրջ տասնհինգ հարց, այդ թվում` ԱՊՀ տնտեսական զարգացման խթանման, հումանիտար, տեղեկատվական եւ միգրացիոն բնագավառներում համագործակցության, իրավապահ եւ ուժային մարմինների միջեւ անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր:
Նիստի արդյունքում արտգործնախարարների խորհրդի հավանությանն արժանացան ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների առաջիկա կայանալիք նիստի օրակարգում ներառվելիք մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ կազմավորման 20-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունների նախագծերը:
Կիեւում նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույցներ ունեցավ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեց մի շարք երկրների իր գործընկերների՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի, Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւի եւ Տաջիկստանի արտգործնախարար Զարիֆի Խոմրախոնի հետ:

No comments: