Friday, April 1, 2011

Թուրք իրավապահների թիրախը դարձած գիրքը տարածվել է համացանցում

Tert.am. 31-3-2011- Համացանցում սկսել է տարածվել «Էրգենեքոնի» գործով կալանավորված թուրք լրագրող Ահմեթ Շըքի՝ դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի բնօրինակը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ չտպագրված գիրքը համացանցում է հայտնվել շվեդ ակտիվիստների նախաձեռնությամբ։ 298 էջից բաղկացած գրքի էլեկտրոնային տարբերակը արդդեն ներբեռնել է 9 հազար օգտատեր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի քրեական դատարանը Ահմեդ Շըքի գրքի պատճենների հայտնաբերման և ոչնչացման մասին որոշում էր կայացրել, որից հետո թուրք իրավապահները խուզարկություններ էին անցկացրել թերթերի խմբագրություններում և հրատարակչատներում։
Մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։
Ձերբակալվածների թվում են լրագրողներ Նեդիմ Շեները և Ահմեթ Շըքը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը։ Նեդիմ Շեները երկու գիրք է հեղինակել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ։ Իսկ Ահմեթ Շըքը ուսումնասիրություններ է իրականացրել «Էրգենեքոնի» գործի առնչությամբ։

No comments: